Հոդված 116
Հոդված 116.
Գաղտնի քվեարկություն անցկացնելու և դրա արդյունքները որոշելու համար Ազգային ժողովը կանոնակարգով սահմանված կարգով պատգամավորների թվից ընտրում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով:
Հաշվիչ հանձնաժողովի մեջ չեն կարող ընդգրկվել այն պատգամավորները, որոնց թեկնածություններն առաջադրված են ընտրվող մարմինների կազմում:
Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:
Քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի վերահսկողությամբ, նրա կողմից սահմանված ձևով և քանակով:
Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պարունակում են քվեարկության համար անհրաժեշտ տեղեկություններ:
Քվեաթերթիկի մեջ մեկ թեկնածության առկայության դեպքում պետք է լինեն «կողմ» և «դեմ» բառերը:
Ազգային ժողովի կողմից ընտրվող մարմինների կազմի կամ պաշտոնատար անձանց ընտրությունների քվեաթերթիկներում ընդգրկվում են այն բոլոր թեկնածությունները, ովքեր ինքնաբացարկ չեն հայտնել: Քվեաթերթիկում նշվում է յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունը:
Առաջադրված թեկնածությունների ազգանունները ընտրական քվեաթերթիկում դասավորվում են այբբենական կարգով:
Թեկնածուների ցուցակը հաշվիչ հանձնաժողովին է հանձնում Ազգային ժողովի նիստում նախագահողը:
Քվեարկության անցկացման ժամանակը և տեղը, ինչպես նաև քվեարկության կազմակերպման կարգը սահմանում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը և այդ մասին տեղյակ պահում պատգամավորներին:
Հաշվիչ հանձնաժողովը`
1) քվեարկությունը սկսելուց առաջ Ազգային ժողովի աշխատակազմից ստանում է պատգամավորների այբբենական կարգով կազմված ցուցակը.
2) կազմակերպում է գաղտնի քվեարկության քվեաթերթիկների պատրաստումը.
3) ստուգում է գաղտնի քվեարկության խցիկները.
4) կնքում է գաղտնի քվեարկության տուփերը և ապահովում քվեարկության գաղտնիությունը: