Հոդված 10
Հոդված 10
Տարանցման վերաբերյալ հայցը
1. Սույն Համաձայնագրի 6-րդ Հավելվածին համապատասխան ձևով կազմված տարանցման վերաբերյալ հայցը հայցող Կողմի պետության իրավասու մարմինը հայցվող Կողմի պետության իրավասու մարմին ուղարկում է տեղեկատվության փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ և այն փոստային կապի միջոցով, որի կոնտակտային տվյալներն ստացվել են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան։
2. Անհրաժեշտության դեպքում հայցող Կողմի պետության իրավասու մարմինը տարանցման վերաբերյալ հայցի «Բ» կետում նշում է լրացուցիչ տեղեկություն անձի առանձնահատուկ վտանգավորության և նրա առողջության վիճակի մասին։
3. Տարանցման վերաբերյալ հայցի պատասխանը հայցվող Կողմի պետության իրավասու մարմնի կողմից հայցող Կողմի պետության իրավասու մարմին ուղարկվում է գրավոր՝ տեղեկատվության փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ և փոստային կապի միջոցով, որի կոնտակտային տվյալներն ստացվել են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան։
4. Հայցվող Կողմի իրավասու մարմինը կարող է մերժել տարանցումը այդ դեպքում, եթե՝
1) առկա է վտանգ, որ նշանակման վայրի պետությունում կամ տարանցման պետությունում երրորդ պետության քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը կենթարկվի խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, մահապատժի կամ հետապնդման՝ ռասայական, կրոնական, ազգային պատկանելության հատկանիշի հիմքով, ինչպես նաև որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հատկանիշի հիմքով,
2) հայցվող Կողմի տարածքում այդ անձանց գտնվելն անցանկալի է, այդ թվում՝ ազգային անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ հայցվող Կողմի քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության նկատառումներից ելնելով։