Հոդված 7
Հոդված 7
Հետընդունման վերաբերյալ հայցերի ուղարկման և քննարկման ժամկետները
1. Երրորդ պետության քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի առնչությամբ հետընդունման վերաբերյալ հայցը հայցող Կողմի պետության իրավասու մարմնի կողմից անմիջապես հայցվող Կողմի պետության իրավասու մարմին է ուղարկվում հայցող Կողմի պետության տարածք տվյալ անձի անօրինականորեն մուտք գործելու կամ հայցող Կողմի պետության տարածքում անօրինականորեն գտնվելու փաստը և (կամ) նրա անձը պարզելու օրվանից 180 (հարյուր ութսուն) օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։
2. Երրորդ պետության քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց առնչությամբ հետընդունման վերաբերյալ հայցը, որոնց փախստականի կարգավիճակ, լրացուցիչ պաշտպանություն կամ ապաստան տրամադրելու մասին միջնորդությունը հայցող Կողմի պետության իրավասու մարմինների քննարկմանն է ներկայացվել, հայցող Կողմի պետության իրավասու մարմնի կողմից ուղարկվում է հայցող Կողմի պետության տարածք անօրինականորեն մուտք գործելու կամ հայցող Կողմի պետության տարածքում անօրինականորեն գտնվելու փաստը կամ անձը պարզելու օրվանից 24 (քսանչորս) ամիսը չգերազանցող ժամկետում։
3. Կողմերի պետությունների իրավասու մարմինները հետընդունման վերաբերյալ հայցն ստանալու օրվա մասին միմյանց տեղեկացնում են 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվության փոխանցման տեխնիկական միջոցներով։
4. Երրորդ պետությունների քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց առնչությամբ հետընդունման վերաբերյալ հայցն ստանալու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը տալիս է այդ անձանց ընդունելու համաձայնություն կամ հիմնավորված կերպով մերժում է նրանց ընդունել, եթե հայցվող Կողմի պետության իրավասու մարմնի կողմից պարզվում է, որ բացակայում են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետով և 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված անհրաժեշտ պայմանները։
Հետընդունման վերաբերյալ հայցին ժամանակին պատասխանելուն խոչընդոտող իրավական կամ փաստացի հանգամանքների առկայության դեպքում հայցվող Կողմի պետության իրավասու մարմնի հիմնավորված դիմումի հիման վրա պատասխանելու ժամկետը երկարացվում է հետընդունման վերաբերյալ հայցը ստանալու օրվանից մինչև 60 (վաթսուն) օրացուցային օր։
5. Սույն հոդվածի 1-4-րդ կետերում նախատեսված փաստաթղթերում պարունակվող անձնական տվյալների փոխանցումը կատարվում է սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածին համապատասխան։