Հոդված 13
Հոդված 13
Հետընդունման կամ տարանցման ենթակա անձի ուղեկցումը
1. Անձի հետընդունումը կամ տարանցումը ուղեկցմամբ կատարելու անհրաժեշտության դեպքում հայցող Կողմի պետության իրավասու մարմինը հայցվող Կողմի պետության իրավասու մարմնին հաղորդում է ուղեկցող անձանց անունները, ազգանունները և պաշտոնները, նրանց անձնագրերի տեսակը, համարը, տրամադրման ամսաթիվը և վավերականության ժամկետը, ինչպես նաև հայցվող Կողմի պետության տարածքում նրանց գտնվելու ենթադրվող ժամկետները։
2. Ուղեկցող անձինք պետք է լինեն քաղաքացիական հագուստով և իրենց մոտ ունենան վավերական անձնագրեր ու փաստաթղթեր, որոնք կվկայեն հետընդունման կամ տարանցման վերաբերյալ համաձայնեցված պայմանավորվածության մասին։
3. Ուղեկցող անձինք իրենց մոտ չեն կարող ունենալ զենք և այլ իրեր, որոնք հայցվող Կողմի պետության տարածքում սահմանափակված կամ շրջանառությունից հանված են։
4. Ուղեկցող անձինք հայցվող Կողմի պետության տարածքում գտնվելու ժամանակ պահպանում են այդ պետության օրենսդրությունը։
5. Կողմերի պետությունների իրավասու մարմինները միմյանց հետ փոխգործակցում են հայցվող Կողմի տարածքում ուղեկցող անձանց գտնվելու ապահովման հետ կապված բոլոր հարցերում։ Ընդ որում, հայցվող Կողմի պետության իրավասու մարմիններն անհրաժեշտության դեպքում հնարավոր աջակցություն են ցուցաբերում ուղեկցող անձանց։
6. Անձանց ընդունումն ու փոխանցումը ձևակերպվում են ակտերով՝ սույն Համաձայնագրի 7-րդ հավելվածով սահմանված ձևով։