Հոդված 5
Հոդված 5
Երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունումը
1. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը հայցող Կողմի պետության իրավասու մարմնի հայցի հիման վրա ընդունում է երրորդ պետության քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին, որոնք հայցող Կողմի պետության տարածք մուտք են գործել կամ այդ պետության տարածքում գտնվում են օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի, ելքի և գտնվելու հարցերին առնչվող՝ տվյալ պետության օրենսդրության խախտմամբ, եթե ներկայացվել են ապացույցներ այն մասին, որ այդ անձը՝
1) հայցվող Կողմի պետության տարածքից անմիջապես հայցող Կողմի պետության տարածք է մուտք գործել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի, ելքի և գտնվելու հարցերին առնչվող հայցող Կողմի պետության օրենսդրության խախտմամբ,
2) հետընդունման վերաբերյալ հարցումն ուղարկելու պահին ունի հայցվող Կողմի պետության տարածքում բնակության վավեր թույլտվություն։
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հետընդունման պարտավորությունը չի կիրառվում, եթե երրորդ պետության քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը՝
1) օրինական հիմքերով ժամանել է հայցող Կողմի պետության տարածք ոչ վիզային կարգով՝ միջազգային պայմանագրին համապատասխան, որի մասնակից է հայցող Կողմի պետությունը,
2) հայցող Կողմի պետության տարածք ժամանելուց անմիջապես առաջ գտնվել է բացառապես հայցվող Կողմի պետության տարածքում միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում,
3) մուտք գործելու պահին ունեցել է հայցող Կողմի պետության լիազորված մարմնի կողմից տրված բնակության վավերական թույլտվություն։
3. Երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման հիմքերի առկայությունը նշող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը սահմանված է սույն Համաձայնագրի 3-րդ Հավելվածում։
4. Կողմերի պետությունների իրավասու մարմինները փոխադարձության հիմքով ձգտում են սահմանափակել երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման դեպքերը, եթե հնարավոր է նրանց վերադարձնել անմիջապես իրենց քաղաքացիության պատկանելության կամ մշտական բնակության պետություններ։