Հոդված 13. Գործունեության որոշակի տեսակների համար սահմանված բացառությունների կիրառմամբ մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը
Հոդված 13. Գործունեության որոշակի տեսակների համար սահմանված բացառությունների կիրառմամբ մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը
1. Կողմը կարող է որոշում կայացնել 2-րդ կետը (Ա տարբերակ) կամ 3-րդ կետը (Բ տարբերակ) կիրառելու կամ տարբերակներից և ոչ մեկը չկիրառելու մասին:
Տարբերակ Ա
2. Չնայած Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթներին, որոնցով սահմանվում է «մշտական հաստատություն» եզրույթը, «մշտական հաստատություն» եզրույթը չի ներառում՝
ա) գործունեության այն տեսակները, որոնք Կարգավորող հարկային համաձայնագրում (նախքան սույն կոնվենցիայով կատարված փոփոխությունները) առանձին թվարկված են որպես գործունեության այնպիսի տեսակներ, որոնց իրականացումը մշտական հաստատության ձևավորում չի ենթադրում՝ անկախ այն հանգամանքից՝ մշտական հաստատության կարգավիճակից այդ բացառությունը պայմանավորված է նախապատրաստական կամ օժանդակ բնույթ ունեցող գործունեությամբ, թե՝ ոչ,
բ) գործունեության կայուն վայրի պահպանումը՝ ձեռնարկության համար բացառապես «ա» ենթակետում չնշված ցանկացած գործունեություն իրականացնելու նպատակով,
գ) գործունեության կայուն վայրի պահպանումը՝ բացառապես «ա» և «բ» ենթակետերում նշված գործունեությունն իրականացնելու նպատակով՝ ցանկացած համակցությամբ՝
պայմանով, որ այդպիսի գործունեությունը, կամ «գ» ենթակետի դեպքում՝ գործունեության կայուն վայրի ընդհանուր գործունեությունը կրի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:
Տարբերակ Բ
3. Չնայած Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթներին, որոնցով սահմանվում է «մշտական հաստատություն» եզրույթը, «մշտական հաստատություն» եզրույթը չի ներառում՝
ա) գործունեության այն տեսակները, որոնք Կարգավորող հարկային համաձայնագրում (նախքան սույն կոնվենցիայով կատարված փոփոխությունները) առանձին թվարկված են որպես գործունեության այնպիսի տեսակներ, որոնց իրականացումը մշտական հաստատության ձևավորում չի ենթադրում՝ անկախ այն հանգամանքից՝ մշտական հաստատության կարգավիճակից այդ բացառությունը պայմանավորված է նախապատրաստական կամ օժանդակ բնույթ ունեցող գործունեությամբ, թե՝ ոչ, բացառությամբ այն դեպքերի, երբ Կարգավորող հարկային համաձայնագրի համապատասխան դրույթով հստակ սահմանված է, որ գործունեության տվյալ տեսակի իրականացումը չպետք է ենթադրի մշտական հաստատության ձևավորում՝ պայմանով, որ գործունեությունը կրի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ,
բ) գործունեության կայուն վայրի պահպանումը՝ ձեռնարկության համար բացառապես «ա» ենթակետում չնշված ցանկացած գործունեություն իրականացնելու նպատակով՝ պայմանով, որ այդ գործունեությունը կրի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ,
գ) գործունեության կայուն վայրի պահպանումը՝ բացառապես «ա» և «բ» ենթակետերում նշված գործունեությունն իրականացնելու նպատակով՝ ցանկացած համակցությամբ՝ պայմանով, որ այդ համակցության արդյունքում առաջացած՝ գործունեության կայուն վայրի ընդհանուր գործունեությունը կրի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:
4. Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթը (այնպես, ինչպես այն կարող է փոփոխվել 2-րդ կամ 3-րդ կետերով ), որում թվարկվում են մշտական հաստատության ձևավորում չենթադրող գործունեության առանձին տեսակները, չի կիրառվում գործունեության այն կայուն վայրի նկատմամբ, որն օգտագործվում կամ պահպանվում է ձեռնարկության կողմից, եթե այդ նույն ձեռնարկությունը կամ սերտորեն փոխկապակցված այլ ձեռնարկություն ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ նույն վայրում կամ այդ նույն Պայմանավորվող երկրի մեկ այլ վայրում, և
ա) այդ վայրը կամ մեկ այլ վայր համարվում է այդ ձեռնարկության կամ դրա հետ սերտորեն փոխկապակցված այլ ձեռնարկության մշտական հաստատություն՝ համաձայն Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթների, որոնցով սահմանվում է մշտական հաստատությունը, կամ
բ) միևնույն վայրում երկու ձեռնարկությունների կամ այդ նույն ձեռնարկության կամ դրան սերտորեն փոխկապակցված այլ ձեռնարկության կողմից երկու տարբեր վայրերում իրականացված գործունեության տեսակների համակցման արդյունքում առաջացած ընդհանուր գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթ չի կրում՝
պայմանով, որ երկու ձեռնարկությունների կողմից միևնույն վայրում կամ այդ նույն ձեռնարկության կամ դրան սերտորեն փոխկապակցված այլ ձեռնարկության կողմից երկու վայրերում իրականացվող գործունեության տեսակները համարվում են փոխլրացնող գործառույթներ, որոնք ընդհանուր բիզնես գործընթացի մաս են կազմում:
5. ա) 2-րդ կամ 3-րդ կետերը կիրառվում են Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթների այն համապատասխան մասերի փոխարեն, որոնցում թվարկված են մշտական հաստատության ձևավորում չենթադրող գործունեության առանձին տեսակները, եթե նույնիսկ գործունեությունն իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով (կամ Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների փոխարեն, որոնք համադրելի են):
բ) 4-րդ կետը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների նկատմամբ (այնպես, ինչպես դրանք կարող են փոփոխվել 2-րդ կամ 3-րդ կետերով), որոնցում թվարկված են մշտական հաստատության ձևավորում չենթադրող գործունեության առանձին տեսակները, եթե նույնիսկ գործունեությունն իրականացվում է կայուն վայրի միջոցով (կամ Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների նկատմամբ, որոնք համադրելի են):
6. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել՝
ա) սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ,
բ) 2-րդ կետը չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնցում հստակորեն սահմանվում է, որ առանձին գործունեության տեսակների իրականացումը չի ենթադրում մշտական հաստատության ձևավորում, եթե գործունեության տեսակներից յուրաքանչյուրը կրում է նախապատրաստական կամ օժանդակ բնույթ,
գ) 4-րդ կետը չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ:
7. Յուրաքանչյուր Կողմ, որը կիրառում է 1-ին կետում նշված տարբերակը, պետք է Ավանդապահին ծանուցի տարբերակի իր որոշման մասին: Այդպիսի ծանուցումը պետք է նաև ներառի 5-րդ կետի «ա» ենթակետում սահմանված դրույթը պարունակող իր Կարգավորող հարկային համաձայնագրերի ցանկը, ինչպես նաև այդպիսի յուրաքանչյուր դրույթ պարունակող հոդվածի և կետի համարը: Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթի նկատմամբ որևէ տարբերակ կիրառվում է միայն այն դեպքում, երբ բոլոր Պայմանավորվող երկրները որոշել են կիրառել այդ նույն տարբերակը և այդ դրույթի վերաբերյալ ծանուցում են ներկայացրել:
8. Յուրաքանչյուր Կողմ, որը չի կատարել 6-րդ կետի «ա» կամ «գ» ենթակետում նշված վերապահումը և չի որոշում կիրառել 1-ին կետում նշված տարբերակը, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 5-րդ կետի «բ» ենթակետում նշված դրույթը, ինչպես նաև յուրաքանչյուր այդպիսի դրույթ պարունակող հոդվածի և կետի մասին: 4-րդ կետը Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթի նկատմամբ կիրառվում է միայն այն դեպքում, երբ բոլոր Պայմանավորվող երկրներն այդ դրույթի վերաբերյալ ծանուցում են ներկայացրել սույն կետի կամ 7-րդ կետի համաձայն: