Անցնել բովանդակությանը
ԱՐԲԻՏՐԱԺԸ

Հոդված 23. Արբիտրաժային գործընթացի տեսակը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Արբիտրաժային գործընթացի տեսակը

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանավորվող երկրների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնության են գալիս այլ կանոններ կիրառելու վերաբերյալ, արբիտրաժային վարույթի նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝ համաձայն սույն մասի.

ա) Գործն արբիտրաժին փոխանցելուց հետո յուրաքանչյուր Պայմանավորվող երկրի իրավասու մարմին նախքան փոխադարձ համաձայնությամբ սահմանված օրը արբիտրաժային տրիբունալ է ներկայացնում առաջարկվող լուծումը, որում անդրադառնում է գործով չլուծված բոլոր հարցերին (հաշվի առնելով այդ գործով Պայմանավորվող երկրների իրավասու մարմինների միջև նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնությունները)։ Առաջարկվող լուծումը սահմանափակվում է որոշակի դրամական գումարի (օրինակ՝ եկամտի կամ կատարած ծախսի) բաշխմամբ կամ նշված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր ճշգրտման կամ գործով նույնանման հարցի համար Կարգավորող հարկային համաձայնագրին համապատասխան գանձվող հարկի առավելագույն դրույքաչափով։ Այն դեպքում, երբ Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններին չի հաջողվել համաձայնության գալ համապատասխան Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթի կիրառման պայմաններին վերաբերող այնպիսի հարցի շուրջ (այսուհետ՝ հիմնական հարց), ինչպիսին է, օրինակ, անձի՝ քաղաքացի լինելու կամ մշտական հաստատության առկայության հարցը, իրավասու մարմինները կարող են ներկայացնել այլընտրանքային առաջարկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնց լուծումը հնարավոր է միայն այդպիսի հիմնական հարցերին լուծում տալու դեպքում։

բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող երկրի իրավասու մարմին կարող է նաև արբիտրաժային տրիբունալի քննարկմանը ներկայացնել դիրքորոշում արտահայտող օժանդակ փաստաթուղթ։ Յուրաքանչյուր իրավասու մարմին, որը ներկայացնում է առաջարկվող լուծում կամ դիրքորոշում արտահայտող օժանդակ փաստաթուղթ, պարտավոր է մյուս իրավասու մարմնին տրամադրել դրա օրինակը մինչև առաջարկվող լուծումը և դիրքորոշում արտահայտող օժանդակ փաստաթուղթը ներկայացնելու օրը։ Յուրաքանչյուր իրավասու մարմին մինչև փոխադարձ համաձայնությամբ սահմանված օրը կարող է նաև արբիտրաժային տրիբունալ ներկայացնել մյուս իրավասու մարմնի կողմից ներկայացված՝ առաջարկվող լուծման և դիրքորոշում արտահայտող օժանդակ փաստաթղթի մասով պատասխան ներառող նյութեր։ Ցանկացած պատասխան ներառող նյութի օրինակ տրամադրվում է մյուս իրավասու մարմնին մինչև պատասխան ներառող նյութը ներկայացնելու համար սահմանված օրը։

գ) Արբիտրաժային տրիբունալը որպես իր կողմից ընդունված որոշում ընտրում է գործի շրջանակներում իրավասու մարմինների կողմից յուրաքանչյուր հարցի և հիմնական հարցերի վերաբերյալ ներկայացված առաջարկվող լուծումներից որևէ մեկը և չի ներկայացնում որոշման հիմնավորում կամ որևէ այլ բացատրություն։ Արբիտրաժային որոշումն ընդունվում է տրիբունալի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Արբիտրաժային տրիբունալն իր որոշումը գրավոր ներկայացնում է Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններ։ Արբիտրաժային որոշումը չի կարող նախադեպ լինել։

2. Իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ սույն հոդվածը կիրառելու նպատակով Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել չկիրառելու 1-ին կետն իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ։ Այս դեպքում, եթե Պայմանավորվող երկրների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնության չեն գալիս այլ կանոնների վերաբերյալ, արբիտրաժային վարույթի նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները.

ա) գործն արբիտրաժին փոխանցելուց հետո յուրաքանչյուր Պայմանավորվող երկրի իրավասու մարմին, առանց անհարկի հետաձգման, տրիբունալի բոլոր անդամներին է ներկայացնում ցանկացած տեղեկատվություն, որը արբիտրաժային որոշում կայացնելու համար կարող է անհրաժեշտ լինել։ Եթե Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններն այլ համաձայնության չեն եկել, ցանկացած տեղեկատվություն, որը երկու իրավասու մարմիններին հասանելի չի եղել մինչև արբիտրաժի վերաբերյալ դիմումն ստանալը, որոշում ընդունելիս այդ տեղեկատվությունը հաշվի չի առնվում։

բ) Արբիտրաժային տրիբունալը արբիտրաժ ներկայացված հարցերի վերաբերյալ որոշում է կայացնում Կարգավորող հարկային համաձայնագրի կիրառելի դրույթների և այդ դրույթներին համապատասխան Պայմանավորվող երկրների ներպետական օրենսդրության դրույթների համաձայն։ Արբիտրաժային տրիբունալի անդամները ուսումնասիրում են նաև ցանկացած այլ աղբյուր, որը Պայմանավորվող երկրների իրավասու մարմինները հստակորեն սահմանում են փոխադարձ համաձայնությամբ։

գ) Արբիտրաժային որոշումը Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններ ներկայացվում է գրավոր, և դրանում նշվում են որպես հիմք ընդունված իրավունքի աղբյուրները և այն պատճառները, որոնք հանգեցրել են այդ որոշման։ Արբիտրաժային որոշումն ընդունվում է արբիտրաժային տրիբունալի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Արբիտրաժային որոշումը չի կարող նախադեպ լինել։

3. Այն Կողմը, որը 2-րդ կետի վերաբերյալ վերապահում չի արել, կարող է իրեն իրավունք վերապահել սույն հոդվածի նախորդ կետերը չկիրառելու այն Կողմերի հետ կնքած իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնք այդպիսի վերապահում են արել։ Այս դեպքում յուրաքանչյուր այդպիսի Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններ պետք է համաձայնության գան արբիտրաժային գործընթացի այն տեսակի վերաբերյալ, որը կիրառելի կլինի այդ Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ։ Քանի դեռ այդպիսի համաձայնություն ձեռք չի բերվել, 19-րդ հոդվածը (Պարտադիր ուժ ունեցող արբիտրաժը) չի կիրառվում այդ Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ։

4. Կողմը կարող է նաև որոշել կիրառել 5-րդ կետն իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ և համապատասխանաբար Ավանդապահին ծանուցում է այդ մասին։ Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ երկու Պայմանավորվող երկրների նկատմամբ 5-րդ հոդվածը կիրառվում է, եթե Պայմանավորվող երկրներից որևէ մեկն այդպիսի ծանուցում է ուղարկել։

5. Նախքան արբիտրաժային վարույթն սկսելը Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններն ապահովում են գործը ներկայացրած յուրաքանչյուր անձի և նրանց խորհրդականների՝ արբիտրաժային վարույթի ընթացքում իրավասու մարմիններից որևէ մեկից կամ արբիտրաժային տրիբունալի անդամներից ստացված որևէ տեղեկատվություն որևէ այլ անձի չհաղորդելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը։ Գործի առնչությամբ Կարգավորող հարկային համաձայնագրով նախատեսված փոխհամաձայնեցման ընթացակարգը, ինչպես նաև սույն մասով նախատեսված արբիտրաժային վարույթը դադարեցվում են, եթե արբիտրաժի վերաբերյալ դիմումը ներկայացնելուց հետո և նախքան արբիտրների կողմից որոշումը Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններին ուղարկելն ընկած ժամանակահատվածի ընթացքում՝ ցանկացած ժամանակ, գործը ներկայացրած անձը կամ նրա խորհրդականներից որևէ մեկն էապես խախտել է այդ համաձայնությունը։

6. Չնայած 4-րդ կետին՝ այն Կողմը, որը 5-րդ կետը չկիրառելու վերաբերյալ որոշում է կայացնում, կարող է իրեն իրավունք վերապահել 5-րդ կետը չկիրառելու մեկ կամ մի քանի որոշակի Կարգավորող հարկային համաձայնագրերի կամ իր բոլոր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ։

7. Այն Կողմը, որը որոշել է կիրառել 5-րդ կետը, կարող է իրեն իրավունք վերապահել սույն մասը չկիրառելու բոլոր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնց վերաբերյալ մյուս Պայմանավորվող երկիրը վերապահում է կատարում 6-րդ կետի համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։