Հոդված 16. Փոխհամաձայնեցման ընթացակարգը
Հոդված 16. Փոխհամաձայնեցման ընթացակարգը
1. Եթե անձը համարում է, որ Պայմանավորվող երկրներից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր՝ Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկման, ապա նա կարող է, անկախ այդ Պայմանավորվող երկրների ներպետական օրենսդրությամբ նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից, գործը ներկայացնել երկու Պայմանավորվող երկրներից որևէ մեկի իրավասու մարմին: Գործը պետք է ներկայացվի Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկման հանգեցնող գործողության վերաբերյալ առաջին անգամ ծանուցելուց հետո երեք տարվա ընթացքում:
2. Այն դեպքում, երբ առարկությունը հիմնավորված է, և եթե իրավասու մարմինն ինքնուրույն չի կարող բավարարող լուծման հանգել, այդ իրավասու մարմինը միջոցներ է ձեռնարկում մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ գործը լուծելու համար՝ նպատակ ունենալով խուսափելու Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկումից: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է իրականացվի՝ անկախ Պայմանավորվող երկրների ներպետական օրենսդրությամբ նախատեսված ժամկետներից:
3. Պայմանավորվող երկրների իրավասու մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն Կարգավորող հարկային համաձայնագրի մեկնաբանության կամ կիրառման հետ կապված ցանկացած դժվարություն կամ անորոշություն փոխադարձ համաձայնությամբ լուծելու նպատակով: Նրանք կարող են նաև միմյանց հետ խորհրդակցել՝ վերացնելու համար կրկնակի հարկումն այն դեպքերում, երբ դրանք նախատեսված չեն Կարգավորող հարկային համաձայնագրով:
4. ա) i) 1-ին կետի առաջին նախադասությունը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների (կամ դրանց մասերի) փոխարեն կամ դրանց բացակայության դեպքում, որոնցով նախատեսված է, որ եթե անձը համարում է, որ Պայմանավորվող երկրներից մեկի կամ երկուսի գործողություններն իր համար հանգեցնում են կամ կհանգեցնեն Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկման, ապա ինքը կարող է, անկախ այդ Պայմանավորվող երկրների ներպետական օրենսդրությամբ նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից, գործը ներկայացնել այն Պայմանավորվող երկրի իրավասու մարմին, որի ռեզիդենտն է ինքը, այդ թվում՝ այն դրույթներին համապատասխան, որոնց համաձայն, եթե տվյալ անձի կողմից ներկայացված գործը համապատասխանում է Կարգավորող հարկային համաձայնագրի՝ ազգության հիմքով խտրականության բացակայության վերաբերյալ դրույթներին, ապա գործը կարող է ներկայացվել այն Պայմանավորվող երկրի իրավասու մարմին, որի ռեզիդենտն է տվյալ անձը:
ii) 1-ին կետի երկրորդ նախադասությունը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների փոխարեն, որոնցով նախատեսվում է, որ 1-ին կետի առաջին նախադասության մեջ նշված գործը պետք է ներկայացվի որոշակի ժամկետում, որն ավելի կարճ է, քան Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկման հանգեցնող գործողության վերաբերյալ առաջին անգամ ծանուցելուց հետո երեք տարվա ժամանակահատվածը, կամ Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթի բացակայության դեպքում, որով սահմանվում է գործը ներկայացնելու համար նախատեսված ժամկետը:
բ) i) 2-րդ կետի առաջին նախադասությունը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների բացակայության դեպքում, որոնց համաձայն՝ այն իրավասու մարմինը, որին 1-ին կետում նշված անձը ներկայացրել է գործը, պարտավոր է այն դեպքում, երբ առարկությունը հիմնավորված է, և երբ այդ իրավասու մարմինն ինքնուրույն չի կարող բավարարող լուծման հանգել, միջոցներ ձեռնարկել մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմնի հետ գործը փոխադարձ համաձայնությամբ լուծելու համար՝ նպատակ ունենալով խուսափել Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկումից:
ii) 2-րդ կետի երկրորդ նախադասությունը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների բացակայության դեպքում, որոնցով նախատեսվում է, որ ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է իրագործվի՝ անկախ Պայմանավորվող երկրների ներպետական օրենսդրությամբ նախատեսված ժամկետներից:
գ) i) 3-րդ կետի առաջին նախադասությունը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների բացակայության դեպքում, որոնցով նախատեսվում է, որ Պայմանավորվող երկրների իրավասու մարմինները պետք է ձգտեն փոխադարձ համաձայնությամբ կարգավորման հասնել Կարգավորող հարկային համաձայնագրի մեկնաբանության կամ կիրառման հետ կապված ցանկացած դժվարության կամ անորոշության առնչությամբ:
ii) 3-րդ կետի երկրորդ նախադասությունը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների բացակայության դեպքում, որոնցով նախատեսվում է, որ Պայմանավորվող երկրների իրավասու մարմինները կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ՝ վերացնելու համար կրկնակի հարկումն այն դեպքերում, երբ դա նախատեսված չէ Կարգավորող հարկային համաձայնագրով:
5. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել՝
ա) 1-ին կետի առաջին նախադասությունը չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ այն նպատակ է հետապնդում բավարարելու ՏՀԶԿ/Մեծ քսանյակի ԲԽՇՏ փաթեթով սահմանված՝ վեճերի լուծման գործընթացի բարելավման նվազագույն չափանիշը՝ ապահովելով, որ իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրով (բացի Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթից, որով անձին թույլատրվում է գործը ներկայացնել Պայմանավորվող երկրներից որևէ մեկի իրավասու մարմին), նախատեսվի, որ եթե անձը համարում է, որ Պայմանավորվող երկրներից մեկի կամ երկուսի գործողություններն իր համար հանգեցնում են կամ կհանգեցնեն Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկման, ապա նա կարող է, անկախ այդ Պայմանավորվող երկրների ներպետական օրենսդրությամբ նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից, գործը ներկայացնել այն Պայմանավորվող երկրի իրավասու մարմին, որի ռեզիդենտ է ինքը, կամ եթե տվյալ անձի կողմից ներկայացված գործը համապատասխանում է Կարգավորող հարկային համաձայնագրի՝ ազգության հիմքով խտրականության բացակայության վերաբերյալ դրույթներին, ապա գործը կարող է ներկայացվել այն Պայմանավորվող երկրի իրավասու մարմին, որի ռեզիդենտ է տվյալ անձը. իսկ այդ Պայմանավորվող երկրի իրավասու մարմինը պետք է երկկողմանի ծանուցման կամ խորհրդատվության գործընթաց իրականացնի մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմնի հետ այն գործերի հետ կապված, որոնցով այն իրավասու մարմինը, որին ներկայացվել էր փոխհամաձայնեցման ընթացակարգ ներառող գործը, հարկատուի առարկությունն արդարացված չի համարում,
բ) 1-ին կետի երկրորդ նախադասությունը չկիրառելու իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնցով նախատեսված չէ, որ 1-ին կետի առաջին նախադասության մեջ նշված գործը պետք է ներկայացվի որոշակի ժամկետում՝ ելնելով այն հանգամանքից, որ դրանով նպատակ է հետապնդվում բավարարելու ՏՀԶԿ/Մեծ քսանյակի ԲԽՇՏ փաթեթով սահմանված՝ վեճերի լուծման գործընթացի բարելավման նվազագույն չափանիշը, որպեսզի ապահովվի այն դրույթի կատարումը, որի համաձայն այդպիսի բոլոր Կարգավորող հարկային համաձայնագրերի նպատակներով 1-ին կետում նշված հարկատուին թույլատրվում է գործը ներկայացնել Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկման հանգեցնող գործողության վերաբերյալ առաջին անգամ ծանուցելուց հետո առնվազն եռամյա ժամկետում,
գ) 2-րդ կետի երկրորդ նախադասությունը չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ իր բոլոր Կարգավորող հարկային համաձայնագրերի նպատակներով՝
i) փոխհամաձայնեցման ընթացակարգով ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է իրականացվի՝ անկախ Պայմանավորվող երկրների ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետներից, կամ
ii) պետք է բավարարվի ՏՀԶԿ/Մեծ քսանյակի ԲԽՇՏ փաթեթով սահմանված՝ վեճերի լուծման գործընթացի բարելավման նվազագույն չափանիշը՝ իր երկկողմ համաձայնագրերի շուրջ բանակցությունների ժամանակ ընդունելով այնպիսի դրույթ, ինչը կնախատեսի, որ՝
Ա) Պայմանավորվող երկրները չեն կարող կատարել Պայմանավորվող երկրներից մեկի ձեռնարկության մշտական հաստատությանը վերագրվող շահույթների ճշգրտումներ այն ժամանակահատվածից հետո, որը սահմանվել է երկու Պայմանավորվող երկրների փոխադարձ համաձայնությամբ այն հարկային տարվա վերջում, որում շահույթը հնարավոր կլիներ վերագրել մշտական հաստատությանը (սույն դրույթը չի կիրառվում խարդախության, հանցավոր անփութության կամ պարտականությունները դիտավորությամբ չկատարելու դեպքում), և
Բ) Պայմանավորվող երկրները չեն կարող ձեռնարկության շահույթում ընդգրկել և համապատասխանաբար հարկել այն շահույթները, որոնք ձեռնարկությունը կստանար, սակայն չի ստացել Կարգավորող հարկային համաձայնագրերի՝ փոխկապակցված ձեռնարկություններին առնչվող դրույթում նշված պայմանների պատճառով այն ժամանակահատվածից հետո, որը սահմանվել է երկու Պայմանավորվող երկրների միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ այն հարկային տարվա վերջում, որում ձեռնարկությունը կստանար շահույթները (սույն դրույթը չի կիրառվում խարդախության, հանցավոր անփութության կամ պարտականությունները դիտավորությամբ չկատարելու դեպքում):
6. ա) Յուրաքանչյուր Կողմ, որը չի կատարել 5-րդ կետի «ա» ենթակետի վերաբերյալ վերապահում, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 4-րդ կետի «ա» ենթակետի i պարբերությամբ սահմանված դրույթ, իսկ եթե կատարել է այդպիսի վերապահում, ապա ծանուցում է յուրաքանչյուր այդպիսի դրույթ պարունակող հոդվածի և կետի համարը։ Այն դեպքում, երբ բոլոր Պայմանավորվող երկրները ծանուցում են ներկայացրել Կարգավորող հարկային համաձայնագրի որևէ դրույթի վերաբերյալ, այդ դրույթը փոխարինվում է 1-ին կետի առաջին նախադասությամբ։ Մյուս դեպքերում 1-ին կետի առաջին նախադասությունը փոխարինում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին միայն այնքանով, որքանով այդ դրույթներն անհամատեղելի են այդ նախադասության հետ։
բ) Յուրաքանչյուր Կողմ, որը 5-րդ կետի «բ» ենթակետի վերաբերյալ վերապահում չի արել, Ավանդապահին ծանուցում է՝
i) իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի մասին, որոնք պարունակում են այնպիսի դրույթ, որով նախատեսված է, որ 1-ին կետի առաջին նախադասության մեջ նշված գործը պետք է ներկայացվի որոշակի ժամկետում, որն ավելի կարճ է, քան Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկման հանգեցնող գործողության վերաբերյալ առաջին անգամ ծանուցելուց հետո երեք տարի ժամանակահատվածը, ինչպես նաև այդպիսի յուրաքանչյուր դրույթ պարունակող հոդվածի ու կետի համարը. Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթը փոխարինվում է 1-ին կետի երկրորդ նախադասությամբ, եթե Պայմանավորվող բոլոր երկրներն այդ դրույթի վերաբերյալ ծանուցում են ներկայացրել. մյուս բոլոր դեպքերում, ii պարբերության համաձայն, 1-ին կետի երկրորդ նախադասությունը փոխարինում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին միայն այնքանով, որքանով այդ դրույթներն անհամատեղելի են 1-ին կետի երկրորդ նախադասության հետ,
ii) իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի մասին, որոնք պարունակում են այնպիսի դրույթ, որով նախատեսված է, որ 1-ին կետի առաջին նախադասության մեջ նշված գործը պետք է ներկայացվի որոշակի ժամկետում, որը կազմում է առնվազն երեք տարի և հաշվարկվում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկման հանգեցնող գործողության մասին առաջին անգամ ծանուցելու պահից, ինչպես նաև այդպիսի դրույթ պարունակող յուրաքանչյուր հոդվածի ու կետի համարը. 1-ին կետի երկրորդ նախադասությունը չի կիրառվում Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ, եթե որևէ Պայմանավորվող երկիր, կապված այդ Կարգավորող հարկային համաձայնագրի հետ, այդպիսի ծանուցում է ներկայացրել:
գ) Յուրաքանչյուր Կողմ Ավանդապահին ծանուցում է՝
i) իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի մասին, որոնք չեն պարունակում 4-րդ կետի «բ» ենթակետի i պարբերությամբ սահմանված դրույթը. 2-րդ կետի առաջին նախադասությունը Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ կիրառվում է, եթե Պայմանավորվող բոլոր երկրներն այդպիսի ծանուցում են ներկայացրել այդ Կարգավորող հարկային համաձայնագրի վերաբերյալ,
ii) 5-րդ կետի «գ» ենթակետի վերաբերյալ վերապահում չկատարելու դեպքում Կողմի այն Կարգավորող հարկային համաձայնագրերի մասին, որոնք չեն պարունակում 4-րդ կետի «բ» ենթակետի ii պարբերությամբ սահմանված դրույթը. 2-րդ կետի երկրորդ նախադասությունը Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ կիրառվում է, եթե բոլոր Պայմանավորվող երկրներն այդպիսի ծանուցում են ներկայացրել այդ Կարգավորող հարկային համաձայնագրի վերաբերյալ:
դ) Յուրաքանչյուր Կողմ Ավանդապահին ծանուցում է՝
i) իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի մասին, որոնք չեն պարունակում 4-րդ կետի «գ» ենթակետի i պարբերությամբ սահմանված դրույթ. 3-րդ կետի առաջին նախադասությունը Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ կիրառվում է, եթե բոլոր Պայմանավորվող երկրներն այդպիսի ծանուցում են ներկայացրել այդ Կարգավորող հարկային համաձայնագրի վերաբերյալ,
ii) իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի ցանկի մասին, որոնք չեն պարունակում 4-րդ կետի «գ» ենթակետի i պարբերությամբ սահմանված դրույթ. 3-րդ կետի երկրորդ նախադասությունը Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ կիրառվում է, եթե բոլոր Պայմանավորվող երկրներն այդպիսի ծանուցում են ներկայացրել այդ Կարգավորող հարկային համաձայնագրի վերաբերյալ: