Հոդված 14. Պայմանագրերի բաժանումը
Հոդված 14. Պայմանագրերի բաժանումը
1. Բացառապես պարզելու համար, թե արդյոք խախտվել է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթում նշված ժամկետը (կամ ժամկետները), որով սահմանվում է այն ժամանակահատվածը (կամ ժամանակահատվածները), որից հետո կոնկրետ ծրագրեր կամ գործունեության տեսակներ համարվում են մշտական հաստատություն՝
ա) այն դեպքում, երբ Պայմանավորվող երկրի ձեռնարկությունը գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող երկրում գտնվող այնպիսի վայրում, որը համարվում է շինարարական հրապարակի, կառուցման ծրագրի, տեղակայման ծրագրի կամ այլ կոնկրետ ծրագրի մաս, որը սահմանվում է Կարգավորող հարկային համաձայնագրի համապատասխան դրույթի մեջ, կամ այդպիսի վայրի հետ կապված՝ իրականացնում է վերահսկողական կամ խորհրդատվական գործունեություն, եթե Կարգավորող հարկային համաձայնագրում այդպիսի գործունեության վերաբերյալ առկա է դրույթ, և գործունեության այդ տեսակներն իրականացվում են մեկ կամ ավելի ժամկետներում, որոնց հանրագումարը գերազանցում է երեսնօրյա ժամկետը՝ չգերազանցելով Կարգավորող հարկային համաձայնագրի համապատասխան դրույթում նշված ժամկետը կամ ժամկետները, և
բ) եթե փոխկապված գործունեության տեսակներն իրականացվում են առաջին ձեռնարկության հետ սերտորեն փոխկապակցված մեկ կամ մեկից ավելի ձեռնարկությունների կողմից այդ մյուս Պայմանավորվող երկրում գտնվող նույն շինարարական հրապարակում, կառուցման կամ տեղակայման ծրագրով կամ Կարգավորող հարկային համաձայնագրի համապատասխան դրույթով սահմանված այլ վայրում (կամ եթե Կարգավորող հարկային համաձայնագրի համապատասխան դրույթը վերաբերում է դրա հետ կապված վերահսկողական կամ խորհրդատվական գործունեությանը) տարբեր ժամանակահատվածներում, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում է երեսնօրյա ժամկետը,
այդ տարբեր ժամանակահատվածներն ավելացվում են ընդհանուր ժամանակահատվածին, որի ընթացքում առաջին ձեռնարկությունը գործունեություն է իրականացրել այդ շինարարական հրապարակում, կառուցման կամ տեղակայման ծրագրով կամ Կարգավորող հարկային համաձայնագրի համապատասխան դրույթով սահմանված այլ վայրում:
2. 1-ին կետը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթների փոխարեն կամ դրանց բացակայության դեպքում, եթե այդ դրույթները վերաբերում են պայմանագրերը մի քանի մասերի բաժանելուն՝ 1-ին կետում նշված կոնկրետ ծրագրերի կամ գործունեության տեսակների համար մշտական հաստատության առկայության հետ կապված ժամկետի կամ ժամկետների կիրառումից խուսափելու նպատակով:
3. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել՝
ա) սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ,
բ) սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դրույթների նկատմամբ, որոնք վերաբերում են բնական ռեսուրսների հետազոտմանը կամ շահագործմանը:
4. Յուրաքանչյուր Կողմ, որը չի կատարել 3-րդ կետի «ա» ենթակետի վերաբերյալ վերապահում, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 2-րդ կետում սահմանված դրույթը, որը ենթակա չէ 3-րդ կետի «բ» ենթակետերով նախատեսված վերապահման, և եթե կատարել է այդպիսի վերապահում, ապա ծանուցում է յուրաքանչյուր այդպիսի դրույթ պարունակող հոդվածի և կետի համարը։ Այն դեպքում, երբ բոլոր Պայմանավորվող երկրներն այդպիսի ծանուցում են ներկայացրել Կարգավորող հարկային համաձայնագրի որևէ դրույթի մասով, այդ դրույթը փոխարինվում է 1-ին կետի դրույթներով այնքանով, որքանով նախատեսված է 2-րդ կետով։ Մյուս դեպքերում 1-ին կետը փոխարինում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին միայն այնքանով, որքանով այդ դրույթներն անհամատեղելի են 1-ին կետի հետ։