Հոդված 39. Ավանդապահը
Հոդված 39. Ավանդապահը
1. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն կոնվենցիայի և 38-րդ հոդվածում (Արձանագրությունները) նշված ցանկացած արձանագրության Ավանդապահն է։
2. Ավանդապահը Կողմերին և Ստորագրող կողմերին մեկ օրացուցային ամսվա ընթացքում ծանուցում է՝
ա) 27-րդ հոդվածին (Ստորագրումը և վավերացումը, ընդունումը կամ հաստատումը) համապատասխան՝ ցանկացած ստորագրման մասին.
բ) 27-րդ հոդվածին (Ստորագրումը և վավերացումը, ընդունումը կամ հաստատումը) համապատասխան՝ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին ցանկացած փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին.
գ) 28-րդ հոդվածին (Վերապահումները) համապատասխան՝ ցանկացած վերապահման կամ այն հետ վերցնելու կամ փոխարինելու մասին.
դ) 29-րդ հոդվածին (Ծանուցումները) համապատասխան՝ ցանկացած ծանուցման կամ լրացուցիչ ծանուցման մասին.
ե) 33-րդ հոդվածին (Փոփոխությունը) համապատասխան՝ սույն կոնվենցիայում փոփոխություն անելու ցանկացած առաջարկության մասին.
զ) 37-րդ հոդվածին (Կոնվենցիայից դուրս գալը) համապատասխան՝ սույն կոնվենցիայից դուրս գալու ցանկացած դեպքի մասին, և
է) սույն կոնվենցիային առնչվող ցանկացած հաղորդման մասին։
3. Ավանդապահը պահպանում է հանրությանը հասանելի հետևյալ փաստաթղթերի ցանկերը.
ա) Կարգավորող հարկային համաձայնագրերը.
բ) Կողմերի վերապահումները, և
գ) Կողմերի ծանուցումները։
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն կոնվենցիան։
Կատարված է Փարիզում 2016 թվականի նոյեմբերի 24-ին, մեկ՝ անգլերեն և ֆրանսերեն հավասարազոր օրինակից, որը պահվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության արխիվում։
Սույնով հավաստվում է, որ կցված տեքստը 2016 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Հարկման բազայի խեղաթյուրումը և շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունն է:
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն
Ի պահ է տրվել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Վերապահումների և ծանուցումների ցանկը՝ վավերացման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու դրությամբ
Սույն փաստաթղթով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կողմից կատարված վերապահումների և ծանուցումների ցանկը, որը հաստատվել է Կոնվենցիայի 28(6) հոդվածի և 29(3) հոդվածի համաձայն վավերացման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից։