Հոդված 29. Ծանուցումները
Հոդված 29. Ծանուցումները
1. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի և 35-րդ հոդվածի (Գործողությունը) 7-րդ կետի համաձայն՝ հետևյալ դրույթներով նախատեսված ծանուցումները կատարվում են ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս.
ա) 2-րդ հոդվածի (Եզրույթների մեկնաբանությունը) 1-ին կետի «ա» ենթակետի ii պարբերություն.
բ) 3-րդ հոդվածի (Թափանցիկ սուբյեկտները) 6-րդ կետ.
գ) 4-րդ հոդվածի (Կրկնակի ռեզիդենտություն ունեցող սուբյեկտները) 4-րդ կետ.
դ) 5-րդ հոդվածի (Կրկնակի հարկումը վերացնելուն ուղղված մեթոդների կիրառությունը) 10-րդ կետ.
ե) 6-րդ հոդվածի (Կարգավորող հարկային համաձայնագրի նպատակը) 5-րդ և 6-րդ կետեր.
զ) 7-րդ հոդվածի (Պայմանագրի չարաշահման կանխումը) 17-րդ կետ.
է) 8-րդ հոդվածի (Շահաբաժնի փոխանցման գործարքներ) 4-րդ կետ.
ը) 9-րդ հոդվածի (Իրենց արժեքը գլխավորապես անշարժ գույքից ձևավորող՝ ձեռնարկությունների բաժնեմասերի կամ մասնաբաժինների օտարումից ստացված ակտիվի արժեքի հավելաճը) 7-րդ և 8-րդ կետեր.
թ) 10-րդ հոդվածի (Երրորդ երկրներում գտնվող մշտական հաստատությունների համար չարաշահումներից խուսափելու կանոնը) 6-րդ կետ.
ժ) 11-րդ հոդվածի (Կողմի՝ իր ռեզիդենտներին հարկելու իրավունքը սահմանափակելու նպատակով հարկային համաձայնագրերի կիրառումը) 4-րդ կետ.
ժա) 12-րդ հոդվածի (Կոմիսիոների միջոցով գործարքների կնքման և համանման ռազմավարության միջոցով մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը) 5-րդ և 6-րդ կետեր.
ժբ) 13-րդ հոդվածի (Գործունեության որոշակի տեսակների համար սահմանված բացառությունների կիրառմամբ մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը) 7-րդ և 8-րդ կետեր.
ժգ) 14-րդ հոդվածի (Պայմանագրերի բաժանումը) 4-րդ կետ.
ժդ) 16-րդ հոդվածի (Փոխհամաձայնեցման ընթացակարգը) 6-րդ կետ.
ժե) 17-րդ հոդվածի (Համապատասխանության ճշգրտումները) 4-րդ կետ.
ժզ) 18-րդ հոդված (VI մասը կիրառելու ընտրությունը).
ժէ) 23-րդ հոդվածի (Արբիտրաժային գործընթացի տեսակը) 4-րդ կետ.
ժը) 24-րդ հոդվածի (Այլ որոշման վերաբերյալ համաձայնությունը) 1-ին կետ.
ժթ) 26-րդ հոդվածի (Համատեղելիությունը) 1-ին կետ, և
ի) 35-րդ հոդվածի (Գործողությունը) 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետեր։
2. Այն Կարգավորող հարկային համաձայնագրերի մասով ծանուցումները, որոնք կնքվել են այն երկրի կամ տարածքի կողմից կամ անունից, որոնց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է Կողմը, երբ այդ երկիրը կամ տարածքը Կոնվենցիայի Կողմ չէ՝ համաձայն 27-րդ հոդվածի (Ստորագրումը և վավերացումը, ընդունումը կամ հաստատումը) 1-ին կետի «բ» կամ «գ» ենթակետերի, կատարվում են պատասխանատու Կողմի կողմից և կարող են տարբերվել այդ Կողմի՝ իր Կարգավորող հարկային համաձայնագրերի մասով կատարված ծանուցումներից։
3. Այն դեպքում, երբ ծանուցումները ներկայացվում են ստորագրման ժամանակ, դրանք հաստատվում են վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու պահին, եթե ծանուցումների մասին փաստաթղթում ուղղակիորեն չի նշվում, որ դրանք պետք է համարվեն վերջնական՝ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի դրույթների և 35-րդ հոդվածի (Գործողությունը) 7-րդ կետի համաձայն։
4. Եթե ծանուցումները չեն կատարվում ստորագրման ժամանակ, այդ պահին տրամադրվում է ակնկալվող ծանուցումների նախնական ցանկ։
5. Կողմը ցանկացած ժամանակ կարող է ընդլայնել այն համաձայնագրերի ցանկը, որոնց մասին ծանուցվել է 2-րդ հոդվածի (Եզրույթների մեկնաբանությունը) 1-ին կետի «ա» ենթակետի ii պարբերության համաձայն, Ավանդապահին հասցեագրված ծանուցման միջոցով։ Այդ ծանուցման մեջ Կողմը նշում է, թե արդյոք տվյալ համաձայնագրի վրա տարածվում է Կողմի կատարած՝ 28-րդ հոդվածի (Վերապահումները) 8-րդ կետում թվարկված վերապահումներից որևէ մեկը։ Կողմը կարող է նաև կատարել 28-րդ հոդվածի (Վերապահումները) 8-րդ կետում նշված նոր վերապահում, եթե լրացուցիչ համաձայնագիրն առաջինն է, որի վրա տարածվում է այդպիսի վերապահումը։ Կողմը նաև նշում է ցանկացած լրացուցիչ ծանուցման մասին, որը կարող է պահանջվել 1-ին կետի «բ»-«ժթ» ենթակետերով՝ նշելու համար լրացուցիչ համաձայնագիր ներառելը։ Բացի այդ, եթե առաջին անգամ ընդլայնումը հանգեցրել է այնպիսի հարկային համաձայնագրի ներառման, որը կնքվել է այն երկրի կամ տարածքի կողմից կամ անունից, որի միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է Կողմը, ապա այդ Կողմը նշում է ցանկացած վերապահում (28-րդ հոդվածի (Վերապահումները) 4-րդ կետի համաձայն) կամ ծանուցում (սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն), որը կիրառելի է այն Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ, որը կնքվել է այդ երկրի կամ տարածքի կողմից կամ անունից։ Այն օրը, երբ ավելացված համաձայնագիրը (համաձայնագրերը), որի մասին ծանուցվել է 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի ii պարբերության համաձայն, դառնում է Կարգավորող հարկային համաձայնագիր, 35-րդ հոդվածի (Գործողությունը) դրույթների համաձայն կարգավորվում է, թե որ օրվանից են Կարգավորող հարկային համաձայնագրի փոփոխություններն ուժի մեջ մտնում։
6. Կողմը 1-ին կետի «բ»-«ժթ» ենթակետերի համաձայն կարող է կատարել լրացուցիչ ծանուցումներ՝ Ավանդապահին հասցեագրված ծանուցման միջոցով։ Այդ ծանուցումներն ուժի մեջ են մտնում՝
ա) միայն այն Պետությունների և երկրների հետ Կարգավորող հարկային համաձայնագրերի մասով, որոնք Կոնվենցիայի Կողմ են, երբ Ավանդապահն ստանում է լրացուցիչ ծանուցում՝
i) այն դրույթների մասով ծանուցումների համար, որոնք վերաբերում են աղբյուրի մոտ հարկմանը, երբ այդպիսի հարկման հանգեցնող գործողությունը տեղի է ունենում լրացուցիչ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրվանից վեց օրացուցային ամիսներին հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո, և
ii) մյուս բոլոր դրույթների մասով ծանուցումների համար, որոնք կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում գանձվող հարկերի համար, որոնք սկսվում են լրացուցիչ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրվանից վեց օրացուցային ամիսներին հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո, և
բ) Կարգավորող հարկային համաձայնագրի մասով, որով մեկ կամ մի քանի Պայմանավորվող երկրներ դառնում են սույն կոնվենցիայի Կողմ լրացուցիչ ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից հետո՝ այդ Պայմանավորվող երկրների համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամենաուշ ամսաթվին։