Հոդված 12. Կոմիսիոների միջոցով գործարքների կնքման և համանման ռազմավարության միջոցով մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը
Հոդված 12. Կոմիսիոների միջոցով գործարքների կնքման և համանման ռազմավարության միջոցով մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը
1. Չնայած Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթներին, որոնցով սահմանվում է «մշտական հաստատություն» եզրույթը, այն դեպքում, երբ անձը, 2-րդ կետի համաձայն, Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրում գործում է ձեռնարկության անունից և այդպիսով կանոնավոր կնքում է պայմանագրեր կամ կանոնավոր գլխավոր դերակատարություն է ունենում այն պայմանագրերի կնքման հարցում, որոնք սովորաբար կնքվում են առանց ձեռնարկության կողմից էական փոփոխությունների, և որոնք կնքվում են՝
ա) ձեռնարկության անունից, կամ
բ) այդ ձեռնարկությանը պատկանող գույքի սեփականության իրավունքի փոխանցման կամ այն օգտագործելու իրավունք շնորհելու նպատակով կամ այն գույքի հետ կապված, որն այդ ձեռնարկությունն իրավունք ունի օգտագործելու, կամ
գ) այդ ձեռնարկության կողմից ծառայությունների մատուցման նպատակով,
համարվում է, որ ձեռնարկությունն այդ Պայմանավորվող երկրում ունի մշտական հաստատություն այն գործունեության մասով, որը տվյալ անձն իրականացնում է ի շահ ձեռնարկության, եթե այդ գործունեությունն այդ Պայմանավորվող երկրում գտնվող ձեռնարկության գործունեության իրականացման կայուն վայրում ձեռնարկության կողմից իրականացվելու դեպքում գործունեության իրականացման այդ կայուն վայրը, Կարգավորող հարկային համաձայնագրում (այնպես, ինչպես այն կարող է փոփոխվել սույն կոնվենցիայով) նշված սահմանմանը համապատասխան, մշտական հաստատություն չի համարվում։
2. 1-ին կետը չի կիրառվում այն դեպքում, երբ Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրում մյուս Պայմանավորվող երկրի ձեռնարկության անունից հանդես եկող անձն առաջին Պայմանավորվող երկրում գործունեություն է իրականացնում որպես անկախ գործակալ և ձեռնարկության անունից հանդես է գալիս այդ գործունեության բնականոն ընթացքում։ Այնուամենայնիվ, այն դեպքում, երբ անձը բացառիկ կամ գրեթե բացառիկ կերպով հանդես է գալիս մեկ կամ ավելի ձեռնարկությունների անունից, որոնց հետ անմիջականորեն կապված է, ապա սույն կետի իմաստով այդ անձը չի համարվում որևէ ձեռնարկության անկախ գործակալ։
3. ա) 1-ին կետը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների փոխարեն, որոնցով սահմանվում են այն պայմանները, որոնց դեպքում համարվում է, որ ձեռնարկությունը Պայմանավորվող երկրում ունի մշտական հաստատություն (կամ երբ Պայմանավորվող երկրում անձն է դիտարկվում որպես մշտական հաստատություն) այն գործունեության մասով, որն անձն իրականացնում է՝ բացառությամբ անկախ գործակալի կարգավիճակ ունեցող անձի, ի շահ ձեռնարկության, սակայն միայն այն դեպքում, երբ այդ դրույթներով նախատեսվում է, որ անձն իրավասու է ձեռնարկության անունից Պայմանավորվող երկրում պայմանագրեր կնքել և կանոնավոր իրականացնում է այդ իրավասությունը։
բ) 2-րդ կետը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների փոխարեն, որոնցով նախատեսվում է, որ չի համարվում, որ ձեռնարկությունը Պայմանավորվող երկրում ունի մշտական հաստատություն այն գործունեության մասով, որն անկախ գործակալի կարգավիճակ ունեցող անձն իրականացնում է ի շահ ձեռնարկության։
4. Կողմը կարող է իրեն վերապահել իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու իրավունք։
5. Յուրաքանչյուր Կողմ, որը չի կատարել 4-րդ կետում նշված վերապահումը, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 3-րդ կետի «ա» ենթակետում նշված դրույթը, ինչպես նաև այդպիսի յուրաքանչյուր դրույթ պարունակող հոդվածի և կետի համարը։ 1-ին կետը Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթի նկատմամբ կիրառվում է միայն այն դեպքում, երբ բոլոր Պայմանավորվող երկրներն այդ դրույթի վերաբերյալ ծանուցում են ներկայացնում։
6. Յուրաքանչյուր Կողմ, որը վերապահում չի կատարել 4-րդ կետի վերաբերյալ, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 3-րդ կետի «բ» ենթակետում նշված դրույթը, ինչպես նաև այդպիսի յուրաքանչյուր դրույթ պարունակող հոդվածի և կետի համարը։ 2-րդ կետը Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթի նկատմամբ կիրառվում է միայն այն դեպքում, երբ բոլոր Պայմանավորվող երկրներն այդ դրույթի վերաբերյալ ծանուցում են ներկայացնում։