Հոդված 15. Ձեռնարկության հետ սերտորեն փոխկապակցված անձի սահմանումը
Հոդված 15. Ձեռնարկության հետ սերտորեն փոխկապակցված անձի սահմանումը
1. Կարգավորող հարկային համաձայնագրի 12-րդ հոդվածի (Կոմիսիոների միջոցով գործարքների կնքման և համանման ռազմավարության միջոցով մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը) 2-րդ կետով, 13-րդ հոդվածի (Գործունեության որոշակի տեսակների համար սահմանված բացառությունների կիրառմամբ մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը) 4-րդ կետով կամ 14-րդ հոդվածի (Պայմանագրերի բաժանումը) 1-ին կետով փոփոխված դրույթների իմաստով անձը համարվում է ձեռնարկության հետ սերտորեն փոխկապակցված, եթե հիմք ընդունելով բոլոր համապատասխան փաստերը և հանգամանքները՝ մեկը վերահսկում է մյուսին, կամ երկուսն էլ վերահսկվում են միևնույն անձի կամ ձեռնարկության կողմից: Անձը ցանկացած դեպքում համարվում է ձեռնարկության հետ սերտորեն փոխկապակցված, եթե անձի ուղղակի կամ անուղղակի մասնակցության բենեֆիցիար մասնաբաժինը մյուս ձեռնարկությունում կազմում է 50 տոկոսից ավելին (կամ ընկերության դեպքում՝ ընկերության՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի ընդհանուր թվի և արժեքի կամ ընկերությունում բաժնեմասերի ձևով բենեֆիցիար մասնակցության 50 տոկոսից ավելին), կամ եթե այլ անձի ուղղակի կամ անուղղակի մասնակցության բենեֆիցիար մասնաբաժինն այլ անձում կամ ձեռնարկությունում կազմում է 50 տոկոսից ավելին (կամ ընկերության դեպքում՝ ընկերության՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի ընդհանուր թվի և արժեքի կամ ընկերության բաժնետիրական կապիտալի 50 տոկոսից ավելին):
2. Այն Կողմը, որն արել է 12-րդ հոդվածի (Կոմիսիոների միջոցով գործարքների կնքման և համանման ռազմավարության միջոցով մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը) 4-րդ կետի, 13-րդ հոդվածի (Գործունեության որոշակի տեսակների համար սահմանված բացառությունների կիրառմամբ մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը) 6-րդ կետի «ա» կամ «գ» ենթակետերի և 14-րդ հոդվածի (Պայմանագրերի բաժանումը) 3-րդ կետի «ա» ենթակետի վերաբերյալ վերապահում, կարող է իրեն իրավունք վերապահել սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնց նկատմամբ կիրառվում են այդ վերապահումները: