Հոդված 19. Պարտադիր ուժ ունեցող արբիտրաժը
Հոդված 19. Պարտադիր ուժ ունեցող արբիտրաժը
1. Այն դեպքում, երբ՝
ա) Կարգավորող հարկային համաձայնագրի (այնպես, ինչպես այն կարող է փոփոխվել 16-րդ հոդվածի (Փոխհամաձայնության ընթացակարգ) 1-ին կետով) դրույթի համաձայն, որով նախատեսվում է, որ անձը կարող է գործը ներկայացնել Պայմանավորվող երկրի իրավասու մարմին, եթե այդ անձը գտնում է, որ Պայմանավորվող երկրներից մեկի կամ երկուսի գործողություններն իր համար հանգեցնում են կամ կհանգեցնեն Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին (այնպես, ինչպես այն կարող է փոփոխվել Կոնվենցիայով) ոչ համապատասխան հարկման, և անձը գործը ներկայացրել է Պայմանավորվող երկրի իրավասու մարմին այն հիմքով, որ Պայմանավորվող երկրներից մեկի կամ երկուսի գործողություններն իր համար հանգեցրել են Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկման (այնպես, ինչպես այն կարող է փոփոխվել Կոնվենցիայով), և
բ) իրավասու մարմինները համաձայնության չեն գալիս այդ հարցը Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթներին համապատասխան (այնպես, ինչպես այն կարող է փոփոխվել 16-րդ հոդվածի (Փոխհամաձայնության ընթացակարգը) 2-րդ կետով) լուծելու հարցում, որոնցով նախատեսվում է, որ իրավասու մարմինը միջոցներ է ձեռնարկում մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ գործին լուծում տալու համար՝ 8-րդ կամ 9-րդ կետով սահմանված մեկնարկի օրվանից սկսած երկու տարվա ընթացքում՝ հանգամանքներով պայմանավորված (եթե մինչև այդ ժամկետը լրանալը Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններն այդ գործի հետ կապված այլ ժամկետի վերաբերյալ համաձայնության չեն եկել և այդ համաձայնության մասին չեն ծանուցել գործը ներկայացրած անձին),
անձի գրավոր պահանջի դեպքում գործից բխող չլուծված ցանկացած հարց սույն մասով սահմանված կարգով փոխանցվում է արբիտրաժային դատարան 10-րդ կետի դրույթներին համապատասխան՝ Պայմանավորվող երկրների իրավասու մարմինների կողմից համաձայնեցված կանոնների կամ ընթացակարգերի համաձայն։
2. Այն դեպքում, երբ իրավասու մարմինը կասեցրել է 1-ին կետում նշված փոխհամաձայնեցման ընթացակարգը մեկ կամ ավելի նույն հարցերով գործը դատարանում կամ վարչական տրիբունալում քննվելու պատճառով, 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված ժամկետը կդադարի հոսել այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը կամ վարչական տրիբունալը վերջնական վճիռ չի կայացրել, կամ գործը չի կասեցվել կամ կարճվել։ Ավելին, եթե գործը ներկայացրած անձը և իրավասու մարմինը համաձայնության են եկել փոխհամաձայնեցման ընթացակարգը կասեցնելու հարցում, ապա 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված ժամկետը կդադարի հոսել մինչև կասեցումը չեղյալ հայտարարելը։
3. Այն դեպքում, երբ երկու իրավասու մարմինները համաձայնում են, որ գործով անմիջականորեն շահագրգռված անձը ժամանակին չի ներկայացրել 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված ժամկետի մեկնարկից հետո իրավասու մարմիններից որևէ մեկի կողմից լրացուցիչ պահանջված որևէ էական տեղեկություն, ապա 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը հետաձգվում է տեղեկությունը պահանջելու օրվանից հաշվարկվող և տեղեկատվություն տրամադրելու օրով ավարտվող ժամկետին հավասար ժամանակահատվածով։
4. ա) Արբիտրաժային դատարան ներկայացված հարցերի վերաբերյալ արբիտրաժային դատարանի վճիռը փոխադարձ համաձայնությամբ ենթակա է կատարման 1-ին կետում նշված գործով։ Արբիտրաժային դատարանի վճիռը վերջնական է։
բ) Արբիտրաժային դատարանի վճիռը պարտադիր է երկու Պայմանավորվող երկրների համար՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
i) այն դեպքում, երբ գործով անմիջականորեն շահագրգռված անձը չի ընդունում արբիտրաժային դատարանի վճռի կատարումն ապահովող փոխադարձ համաձայնությունը։ Այս դեպքում գործը ենթակա չէ հետագա քննման իրավասու մարմինների կողմից։ Գործի վերաբերյալ արբիտրաժային դատարանի վճռի կատարումն ապահովող փոխադարձ համաձայնությունը համարվում է գործով անմիջականորեն շահագրգռված անձի կողմից չընդունված, եթե գործով անմիջականորեն շահագրգռված անձը փոխադարձ համաձայնության մասին ծանուցումն իրեն ուղարկելու օրվան հաջորդող 60 օրվա ընթացքում արբիտրաժային դատարանի վճռի կատարումն ապահովող փոխադարձ համաձայնությամբ լուծում ստացած բոլոր հարցերը հետ չի վերցնում որևէ դատարանի կամ վարչական տրիբունալի քննությունից կամ որևէ այլ կերպ հիմքեր չի տրամադրում՝ դադարեցնելու համար այդ հարցերի մասով դատարանի կամ վարչական տրիբունալի վարույթում գտնվող գործի ընթացիկ քննությունը՝ այդ փոխադարձ համաձայնությանը համապատասխան կարգով․
ii) այն դեպքում, երբ Պայմանավորվող երկրներից որևէ մեկի դատարանները վերջնական վճռում հանգում են այն եզրակացության, որ արբիտրաժային դատարանի վճիռն անվավեր է։ Այս դեպքում 1-ին կետում սահմանված՝ արբիտրաժի վերաբերյալ դիմումը համարվում է չներկայացված, և արբիտրաժային գործընթացը համարվում է չկայացած (բացառությամբ 21-րդ (Արբիտրաժային վարույթի գաղտնիությունը) և 25-րդ հոդվածների (Արբիտրաժային վարույթի հետ կապված ծախսերը) նպատակների)։ Այս դեպքում արբիտրաժի վերաբերյալ կարելի է ներկայացնել նոր դիմում, եթե իրավասու մարմիններն այդպիսի նոր դիմումի ներկայացումը չթույլատրելու վերաբերյալ համաձայնության չեն գալիս․
iii) այն դեպքում, երբ գործի լուծման արդյունքում դրա հետևանքներն անմիջականորեն կրող անձը դատարան է դիմում այն հարցերով, որոնք լուծվել են որևէ դատարանում կամ վարչական տրիբունալում՝ արբիտրաժային դատարանի վճռի կատարումն ապահովող փոխադարձ համաձայնությամբ։
5. 1-ին կետի «ա» ենթակետում սահմանված կարգով փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ սկզբնական դիմումն ստացած իրավասու մարմինը դիմումն ստանալուց հետո՝ երկու օրացուցային ամսվա ընթացքում՝
ա) գործը ներկայացրած անձին ուղարկում է ծանուցում այն մասին, որ ինքը ստացել է դիմումը, և
բ) այդ դիմումն ստանալու վերաբերյալ ծանուցման հետ միասին մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմին է ուղարկում դիմումի օրինակը։
6. Իրավասու մարմնի կողմից փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ դիմումը (կամ մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմնից դրա օրինակը) ստանալուց հետո՝ երեք օրացուցային ամսվա ընթացքում, իրավասու մարմինը՝
ա) կա՛մ ծանուցում է ուղարկում գործը ներկայացրած անձին և մյուս իրավասու մարմին այն մասին, որ ինքն ստացել է գործն ըստ էության քննելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, կա՛մ
բ) այդ նպատակով տվյալ անձից պահանջում է լրացուցիչ տեղեկատվություն։
7. Այն դեպքում, երբ 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն իրավասու մարմիններից մեկը կամ երկուսն էլ գործը ներկայացրած անձից պահանջում են գործն ըստ էության քննելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն, լրացուցիչ տեղեկատվություն պահանջած իրավասու մարմինն այդ անձից լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո՝ երեք օրացուցային ամսվա ընթացքում, այդ անձին և մյուս իրավասու մարմնին կա՛մ ծանուցում է այն մասին,
ա) որ ինքը ստացել է պահանջվող տեղեկատվությունը, կա՛մ
բ) որ պահանջվող տեղեկատվության որոշ մասը դեռևս բացակայում է։
8. Եթե իրավասու մարմիններից և ոչ մեկը 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն չի պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, ապա 1-ին կետում նշված մեկնարկի օր է համարվում հետևյալ օրերից ավելի վաղը.
ա) այն օրը, երբ երկու իրավասու մարմինները, 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, ծանուցել են գործը ներկայացրած անձին, և
բ) 5-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմնին ծանուցելուց հետո երեք օրացուցային ամսվան հաջորդող օրը։
9. Այն դեպքում, երբ 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն, ապա 1-ին կետում նշված մեկնարկի օր է համարվում հետևյալ օրերից ավելի վաղը.
ա) 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ գործը ներկայացրած անձին և մյուս իրավասու մարմնին լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու մասին ծանուցելու վերջին օրը, և
բ) իրավասու մարմիններից որևէ մեկի կողմից պահանջված ամբողջ տեղեկատվությունը գործը ներկայացրած անձից ստանալուց հետո երեք օրացուցային ամսվան հաջորդող օրը։
Սակայն, եթե իրավասու մարմիններից մեկը կամ երկուսն էլ ուղարկում են 7-րդ կետի «բ» ենթակետում նշված ծանուցումը, ապա այդպիսի ծանուցումը, 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, համարվում է լրացուցիչ տեղեկատվություն ստանալու մասին պահանջ։
10. Պայմանավորվող երկրների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ (համապատասխան Կարգավորող հարկային համաձայնագրի՝ փոխհամաձայնեցման ընթացակարգերի վերաբերյալ հոդվածի համաձայն) որոշում են սույն մասում առկա դրույթների կիրառման եղանակը, այդ թվում՝ յուրաքանչյուր իրավասու մարմնի կողմից գործի՝ ըստ էության քննության համար անհրաժեշտ նվազագույն տեղեկատվության շրջանակը։ Այդպիսի համաձայնությունը ձեռք է բերվում նախքան այն օրը, երբ գործում առկա չլուծված հարցերը կարող են առաջին անգամ փոխանցվել արբիտրաժին և այնուհետև կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել։
11. Սույն հոդվածն իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառելու նպատակներով Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել 1-ին կետի «բ» ենթակետում սահմանված երկամյա ժամկետը փոխարինելու եռամյա ժամկետով։
12. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել հետևյալ կանոնները կիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ՝ չնայած սույն հոդվածի մյուս դրույթներին.
ա) սույն կոնվենցիայով նախատեսված՝ այլ հանգամանքներում արբիտրաժային գործընթացի շրջանակներում քննվող փոխհամաձայնեցման ընթացակարգից բխող ցանկացած չլուծված հարց չի փոխանցվում արբիտրաժին, եթե Պայմանավորվող երկրներից որևէ մեկի դատարանը կամ վարչական տրիբունալն այդ հարցի վերաբերյալ արդեն իսկ որոշում է կայացրել,
բ) եթե արբիտրաժի վերաբերյալ դիմումը ներկայացնելուց հետո և արբիտրների խմբի կողմից Պայմանավորվող երկրի իրավասու մարմիններին վճիռը փոխանցելուց առաջ՝ ցանկացած ժամանակ, Պայմանավորվող երկրներից մեկի դատարանը կամ վարչական տրիբունալը հարցի վերաբերյալ որոշում է կայացնում, ապա արբիտրաժային գործընթացը դադարեցվում է։