Հոդված 2. Եզրույթների մեկնաբանությունը
Հոդված 2. Եզրույթների մեկնաբանությունը
1. Սույն կոնվենցիայի նպատակներով կիրառվում են հետևյալ սահմանումները.
ա) «Կարգավորող հարկային համաձայնագիր» եզրույթը նշանակում է եկամտի նկատմամբ հարկերի (անկախ այն հանգամանքից՝ այլ հարկեր կարգավորվում են, թե՝ ոչ) գծով կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիր՝
i) որն ուժի մեջ է մտել երկու կամ ավելի՝
Ա) Կողմերի միջև և (կամ)
Բ) երկրների կամ տարածքների միջև, որոնք վերոնշյալ համաձայնագրի կողմ են, և որոնց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է Կողմը, և
ii) որի մասով յուրաքանչյուր այդպիսի Կողմ ծանուցել է Ավանդապահին՝ նշելով համաձայնագիրը, ինչպես նաև այն փոփոխող կամ դրան ուղեկցող ցանկացած փաստաթուղթ (սահմանված անվանումով, կողմերի անուններով (անվանումներով), ստորագրման ամսաթվով և ծանուցման ժամանակ կիրառելի լինելու դեպքում՝ ուժի մեջ մտնելու ամսաթվով)՝ որպես համաձայնագիր, որը նա ցանկանում է, որ կարգավորվի սույն կոնվենցիայով։
բ) «Կողմ» եզրույթը նշանակում է՝
i) Պետություն, որի համար սույն կոնվենցիան ուժի մեջ է մտել 34-րդ հոդվածին (Ուժի մեջ մտնելը) համապատասխան, կամ
ii) երկիր, որն ստորագրել է սույն կոնվենցիան՝ 27-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին (Ստորագրումը և վավերացումը, ընդունումը կամ հաստատումը) համապատասխան, և որի համար սույն կոնվենցիան ուժի մեջ է մտել 34-րդ հոդվածին (Ուժի մեջ մտնելը) համապատասխան։
գ) «Պայմանավորվող երկիր» եզրույթը նշանակում է Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ։
դ) «Ստորագրող» եզրույթը նշանակում է Պետություն կամ երկիր, որն ստորագրել է սույն կոնվենցիան, սակայն որի համար Կոնվենցիան դեռ ուժի մեջ չի մտել։
2. Ինչ վերաբերում է ցանկացած ժամանակ սույն կոնվենցիան Կողմի կողմից կիրառելուն, ապա դրանով չսահմանված ցանկացած եզրույթ ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին համապատասխան Կարգավորող հարկային համաձայնագրի համաձայն, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում։