Հոդված 3. Թափանցիկ սուբյեկտները
Հոդված 3. Թափանցիկ սուբյեկտները
1. Կարգավորող հարկային համաձայնագրի նպատակներով այն սուբյեկտի կողմից կամ այն կարգավորման միջոցով ստացված եկամուտը, որը Պայմանավորվող երկրներից որևէ մեկի հարկային օրենքով ընկալվում է որպես ամբողջովին կամ մասնակի ֆինանսապես թափանցիկ, համարվում է Պայմանավորվող երկրի ռեզիդենտի եկամուտ, սակայն միայն այնքանով, որքանով եկամուտն այդ Պայմանավորվող երկրի կողմից հարկման նպատակներով ընկալվում է որպես այդ Պայմանավորվող երկրի ռեզիդենտի եկամուտ։
2. Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթները, որոնք Պայմանավորվող երկրից պահանջում են եկամտային հարկից ազատում կամ նվազեցում կամ վարկավորում, որը համարժեք է այդ Պայմանավորվող երկրի ռեզիդենտի կողմից ստացված այն եկամտի մասով վճարված եկամտային հարկին, որը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող երկրում՝ Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան, չեն կիրառվում այնքանով, որքանով այդ դրույթները թույլ են տալիս հարկում այդ մյուս Պայմանավորվող երկրի կողմից միայն այն պատճառով, որ եկամուտը նաև այդ մյուս Պայմանավորվող երկրի ռեզիդենտի ստացած եկամուտն է։
3. Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում, որոնց համար մեկ կամ ավելի Կողմեր կատարել են 11-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում (Կողմի՝ սեփական ռեզիդենտներին հարկելու իրավունքը սահմանափակելուն ուղղված հարկային համաձայնագրերի կիրառումը) նշված վերապահումը, 1-ին կետի վերջում պետք է ավելացնել հետևյալ նախադասությունը․ «Սույն կետի դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն այնպես, որ ազդեցություն ունենան Պայմանավորվող երկրի՝ այդ Պայմանավորվող երկրի ռեզիդենտներին հարկելու իրավունքի վրա»։
4. 1-ին կետը (այնպես, ինչպես այն կարող է փոփոխվել 3-րդ կետով) կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթների փոխարեն կամ դրանց բացակայության դեպքում այնքանով, որքանով դրանք անդրադառնում են այն հարցին, թե արդյոք այն սուբյեկտների կողմից կամ կարգավորումների միջոցով ստացված եկամուտը, որոնք երկու Պայմանավորվող երկրներից որևէ մեկի (ընդհանուր կանոնի միջոցով կամ որոշակի փաստական հանգամանքների և սուբյեկտների կամ կարգավորումների տեսակների առնչությամբ վարվելակերպը մանրամասն սահմանելու միջոցով) հարկային օրենքով ընկալվում են որպես ֆինանսապես թափանցիկ, համարվում է Պայմանավորվող երկրի ռեզիդենտի եկամուտ, թե՝ ոչ։
5. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել՝
ա) չկիրառել ամբողջությամբ վերցրած սույն հոդվածն իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում.
բ) չկիրառել 1-ին կետն իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում, որոնք արդեն իսկ պարունակում են 4-րդ կետում նշված որևէ դրույթ.
գ) չկիրառել 1-ին կետն իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում, որոնք արդեն իսկ պարունակում են 4-րդ կետում նշված որևէ դրույթ, որով մերժվում են պայմանագրային արտոնությունները երրորդ երկրում ստեղծված սուբյեկտի կողմից կամ կարգավորման միջոցով ստացված եկամտի դեպքում.
դ) չկիրառել 1-ին կետն իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում, որոնք արդեն իսկ պարունակում են 4-րդ կետում նշված որևէ դրույթ, որով մանրամասն սահմանվում է որոշակի փաստական հանգամանքների և սուբյեկտների կամ կարգավորումների տեսակների առնչությամբ վարվելակերպը.
ե) չկիրառել 1-ին կետն իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում, որոնք արդեն իսկ պարունակում են 4-րդ կետում նշված որևէ դրույթ, որով մանրամասն սահմանվում է որոշակի փաստական հանգամանքների և սուբյեկտների կամ կարգավորումների տեսակների առնչությամբ վարվելակերպը, և մերժվում են պայմանագրային արտոնությունները երրորդ երկրում ստեղծված սուբյեկտի կողմից կամ կարգավորման միջոցով ստացված եկամտի դեպքում.
զ) չկիրառել 2-րդ կետն իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում.
է) կիրառել 1-ին կետը միայն իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում, որոնք արդեն իսկ պարունակում են 4-րդ կետում նշված որևէ դրույթ, որը մանրամասն սահմանում է որոշակի փաստական հանգամանքների և սուբյեկտների կամ կարգավորումների տեսակների առնչությամբ վարվելակերպը։
6. Յուրաքանչյուր Կողմ, որը չի կատարել 5-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետում նշված վերապահումը, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 4-րդ կետում նշված որևէ դրույթ, որի վրա չի տարածվում 5-րդ կետի «գ»-«ե» ենթակետերով նախատեսված վերապահումը, իսկ պարունակելու դեպքում՝ յուրաքանչյուր այդպիսի դրույթի հոդվածի և կետի համարի մասին։ Այն դեպքում, երբ Կողմը կատարել է 5-րդ կետի «է» ենթակետում նշված վերապահումը, նախորդ նախադասությամբ նախատեսված ծանուցումը սահմանափակվում է Կարգավորող հարկային համաձայնագրերով, որոնց վրա տարածվում է այդ վերապահումը։ Եթե բոլոր Պայմանավորվող երկրները ներկայացրել են այդպիսի ծանուցում Կարգավորող հարկային համաձայնագրի որևէ դրույթի մասով, ապա այդ դրույթը փոխարինվում է 1-ին կետի (այնպես, ինչպես այն կարող է փոփոխվել 3-րդ կետով) դրույթներով՝ 4-րդ կետով նախատեսված սահմաններում։ Մյուս դեպքերում 1-ին կետը (այնպես, ինչպես այն կարող է փոփոխվել 3-րդ կետով) փոխարինում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին միայն այնքանով, որքանով այդ դրույթներն անհամատեղելի են 1-ին կետի հետ (այնպես, ինչպես այն կարող է փոփոխվել 3-րդ կետով)։