Հոդված 4. Կրկնակի ռեզիդենտություն ունեցող սուբյեկտները
Հոդված 4. Կրկնակի ռեզիդենտություն ունեցող սուբյեկտները
1. Եթե Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթների պատճառով անհատ չհանդիսացող անձը մեկից ավելի Պայմանավորվող երկրների ռեզիդենտ է, ապա Պայմանավորվող երկրի իրավասու մարմինները ջանքեր են գործադրում՝ փոխադարձ համաձայնությամբ որոշելու, թե որ Պայմանավորվող երկրի ռեզիդենտ է համարվելու այդ անձը Կարգավորող հարկային համաձայնագրի նպատակներով՝ հաշվի առնելով դրա արդյունավետ կառավարման վայրը, ինկորպորացված կամ այլ կերպ կազմավորված լինելու վայրը և համապատասխան այլ գործոններ։ Այդպիսի համաձայնագրի բացակայության դեպքում այդ անձը Կարգավորող հարկային համաձայնագրով նախատեսված՝ հարկերի թեթևացման կամ հարկերից ազատվելու իրավունք չունի՝ բացառությամբ այն դեպքի, երբ դա իրականացվում է Պայմանավորվող երկրների իրավասու մարմինների կողմից համաձայնեցված սահմաններում և եղանակով։
2. 1-ին կետը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների փոխարեն կամ դրանց բացակայության դեպքում, որոնք նախատեսում են կանոններ՝ պարզելու համար, թե արդյոք անհատ չհանդիսացող անձը համարվում է Պայմանավորվող երկրներից որևէ մեկի ռեզիդենտ այն դեպքերում, երբ այդ անձն այլապես կհամարվեր մեկից ավելի Պայմանավորվող երկրների ռեզիդենտ։ Այնուամենայնիվ, 1-ին կետը չի կիրառվում Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների դեպքում, որոնք հատուկ անդրադառնում են կրկնակի գրանցում ունեցող ընկերության կարգավորումներին մասնակցող ընկերությունների ռեզիդենտության հարցին։
3. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել՝
ա) չկիրառելու սույն հոդվածն ամբողջությամբ իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում.
բ) չկիրառելու սույն հոդվածն ամբողջությամբ իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում, որոնք արդեն իսկ անդրադառնում են այնպիսի դեպքերի, երբ անհատ չհանդիսացող անձը մեկից ավելի Պայմանավորվող երկրների ռեզիդենտ է՝ պահանջելով Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններից, որ ջանքեր գործադրեն Պայմանավորվող երկրի մեկ ռեզիդենտության վերաբերյալ փոխադարձ համաձայնության հասնելու համար.
գ) չկիրառելու սույն հոդվածն ամբողջությամբ իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում, որոնք արդեն իսկ անդրադառնում են այնպիսի դեպքերի, երբ անհատ չհանդիսացող անձը մեկից ավելի Պայմանավորվող երկրների ռեզիդենտ է՝ մերժելով պայմանագրային արտոնությունները՝ առանց պահանջելու Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններից, որ ջանքեր գործադրեն Պայմանավորվող երկրի մեկ ռեզիդենտության վերաբերյալ փոխադարձ համաձայնության հասնելու համար.
դ) չկիրառելու սույն հոդվածն ամբողջությամբ իր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում, որոնք արդեն իսկ անդրադառնում են այնպիսի դեպքերի, երբ անհատ չհանդիսացող անձը մեկից ավելի Պայմանավորվող երկրների ռեզիդենտ է՝ պահանջելով Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններից, որ ջանքեր գործադրեն Պայմանավորվող երկրի մեկ ռեզիդենտության վերաբերյալ փոխադարձ համաձայնության հասնելու համար, և որոնք նախատեսում են այդ անձի վարվելակերպը Կարգավորող հարկային համաձայնագրի շրջանակներում՝ այդպիսի համաձայնության չհասնելու դեպքում.
ե) իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նպատակներով փոխարինելու 1-ին կետի վերջին նախադասությունը հետևյալ տեքստով․ «Այդպիսի համաձայնագրի բացակայության դեպքում այդպիսի անձը Կարգավորող հարկային համաձայնագրով նախատեսված՝ հարկերի թեթևացման կամ հարկերից ազատվելու իրավունք չունի։».
զ) չկիրառելու սույն հոդվածն ամբողջությամբ իր այն Կողմերի հետ կնքած Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում, որոնք կատարել են «ե» ենթակետում նշված վերապահումը։
4. Յուրաքանչյուր Կողմ, որը չի կատարել 3-րդ կետի «ա» ենթակետում նշված վերապահումը, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 2-րդ կետում նշված որևէ դրույթ, որի վրա չի տարածվում 3-րդ կետի «բ»-«դ» ենթակետերով կարգավորվող վերապահումը, իսկ պարունակելու դեպքում՝ յուրաքանչյուր այդպիսի դրույթի հոդվածի և կետի համարի մասին։ Եթե բոլոր Պայմանավորվող երկրներն այդպիսի ծանուցում են ներկայացրել Կարգավորող հարկային համաձայնագրի որևէ դրույթի մասով, ապա այդ դրույթը փոխարինվում է 1-ին կետի դրույթներով։ Մյուս դեպքերում 1-ին կետը փոխարինում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին միայն այնքանով, որքանով այդ դրույթներն անհամատեղելի են 1-ին կետի հետ։