Հոդված 5. Կրկնակի հարկման բացառման մեթոդների կիրառումը
Հոդված 5. Կրկնակի հարկման բացառման մեթոդների կիրառումը
1. Կողմը կա՛մ կարող է ընտրել 2-րդ և 3-րդ կետերի (Ա տարբերակ), 4-րդ և 5-րդ կետերի (Բ տարբերակ) կամ 6-րդ և 7-րդ կետերի (Գ տարբերակ) կիրառումը, կա՛մ կարող է չընտրել նշված տարբերակներից և ոչ մեկի կիրառումը։ Եթե Կարգավորող հարկային համաձայնագրի յուրաքանչյուր Պայմանավորվող երկիր ընտրում է տարբեր տարբերակ (կամ եթե մի Պայմանավորվող երկիր որոշում է կիրառել որևէ տարբերակ, իսկ մեկ այլ երկիր չի ընտրում տարբերակներից և ոչ մեկի կիրառումը), ապա յուրաքանչյուր Պայմանավորվող երկրի ընտրած տարբերակը կիրառվում է նրա սեփական ռեզիդենտների դեպքում։
Տարբերակ Ա
2. Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթները, որոնցով այլապես Պայմանավորվող երկրի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ նրա ունեցած կապիտալն այդ Պայմանավորվող երկրում կազատվեր հարկերից կրկնակի հարկումը բացառելու նպատակով, չեն կիրառվում, եթե մյուս Պայմանավորվող երկիրը կիրառում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներն այդպիսի եկամուտը կամ կապիտալը հարկերից ազատելու կամ այն դրույքաչափը սահմանափակելու նպատակով, որով այդ եկամուտը կամ կապիտալը կարող է հարկվել։ Վերջին դեպքում առաջին հիշատակված Պայմանավորվող երկիրը թույլ է տալիս այդ ռեզիդենտի եկամտի կամ կապիտալի մասով հարկից մասհանում կատարել այդ մյուս Պայմանավորվող երկրում վճարված հարկին համարժեք գումարի չափով։ Այնուամենայնիվ, այդպիսի մասհանումը չպետք է գերազանցի մասհանումը տրամադրելուց առաջ հաշվարկված հարկի այն մասը, որը վերագրվում է եկամտի կամ կապիտալի այնպիսի տարրերին, որոնք կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող երկրում։
3. 2-րդ կետը կիրառվում է այն Կարգավորող հարկային համաձայնագրի դեպքում, որով Պայմանավորվող երկրից այլապես կպահանջվեր այդ կետում նշված եկամուտը կամ կապիտալն ազատել հարկերից։
Տարբերակ Բ
4. Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթները, որոնցով այլապես Պայմանավորվող երկրի ռեզիդենտի ստացած եկամուտն այդ Պայմանավորվող երկրում կազատվեր հարկերից՝ կրկնակի հարկումից խուսափելու նպատակով, քանի որ այդպիսի եկամուտը Պայմանավորվող երկրի կողմից ընկալվում է որպես շահութաբաժին, չեն կիրառվում, եթե այդպիսի եկամուտը հանգեցնում է մասհանման՝ մյուս Պայմանավորվող երկրի ռեզիդենտի՝ հարկման ենթակա շահույթն այդ մյուս Պայմանավորվող երկրի օրենքներին համապատասխան որոշելու նպատակով։ Այդ դեպքում առաջին հիշատակված Պայմանավորվող երկիրը թույլ է տալիս այդ ռեզիդենտի եկամտի մասով հարկից մասհանում կատարել այդ մյուս Պայմանավորվող երկրում վճարված եկամտային հարկին համարժեք գումարի չափով։ Այնուամենայնիվ, այդպիսի մասհանումը չպետք է գերազանցի մասհանումը տրամադրելուց առաջ հաշվարկված եկամտային հարկի այն մասը, որը վերագրվում է այնպիսի եկամտին, որը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող երկրում։
5. 4-րդ կետը կիրառվում է այն Կարգավորող հարկային համաձայնագրի դեպքում, որով այլապես Պայմանավորվող երկրից կպահանջվեր այդ կետում նշված եկամուտն ազատել հարկերից։
Տարբերակ Գ
6. ա) Եթե Պայմանավորվող երկրի ռեզիդենտն ստանում է եկամուտ կամ ունի կապիտալ, որը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող երկրում՝ Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ դրույթները թույլ են տալիս հարկում այդ մյուս Պայմանավորվող երկրի կողմից միայն այն պատճառով, որ եկամուտը նաև համարվում է այդ մյուս Պայմանավորվող երկրի ռեզիդենտի ստացած եկամուտ), ապա առաջին հիշատակված Պայմանավորվող երկիրը թույլ է տալիս՝
i) այդ ռեզիդենտի եկամտային հարկից մասհանում կատարել այդ մյուս Պայմանավորվող երկրում վճարված եկամտային հարկին համարժեք գումարի չափով.
ii) այդ ռեզիդենտի կապիտալի մասով հարկից մասհանում կատարել այդ մյուս Պայմանավորվող երկրում վճարված կապիտալի հարկին համարժեք գումարի չափով:
Այնուամենայնիվ, այդպիսի մասհանումը չպետք է գերազանցի մասհանումը տրամադրելուց առաջ հաշվարկված եկամտային հարկի կամ կապիտալի հարկի այն մասը, որը վերագրվում է այնպիսի եկամտին կամ կապիտալին, որը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող երկրում։
բ) Եթե Կարգավորող հարկային համաձայնագրի որևէ դրույթի համապատասխան Պայմանավորվող երկրի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ նրա ունեցած կապիտալն այդ Պայմանավորվող երկրում ազատվում է հարկերից, ապա այդ Պայմանավորվող երկիրն այդ ռեզիդենտի մնացած եկամտի կամ կապիտալի մասով հարկի գումարը հաշվարկելիս, այնուհանդերձ, կարող է հաշվի առնել հարկերից ազատված եկամուտը կամ կապիտալը։
7. 6-րդ կետը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթների փոխարեն, որոնք կրկնակի հարկումը բացառելու նպատակով Պայմանավորվող երկրից պահանջում են այդ Պայմանավորվող երկրում Պայմանավորվող երկրի ռեզիդենտի ստացած այն եկամտի կամ նրա ունեցած կապիտալի հարկերից ազատում, որոնք, Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել մյուս Պայմանավորվող երկրում։
8. Այն Կողմը, որը չի ընտրում 1-ին կետով սահմանված տարբերակներից և ոչ մեկի կիրառումը, կարող է իրեն իրավունք վերապահել չկիրառելու ամբողջությամբ վերցրած սույն հոդվածը մեկ կամ մեկից ավելի՝ սահմանված Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում (կամ իր բոլոր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում)։
9. Այն Կողմը, որը չի ընտրում Գ տարբերակի կիրառումը, կարող է մեկ կամ ավելի՝ սահմանված Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում (կամ իր բոլոր Կարգավորող հարկային համաձայնագրերի դեպքում) իրեն իրավունք վերապահել չթույլատրելու մյուս Պայմանավորվող երկրին (երկրներին) կիրառել Գ տարբերակը։
10. Յուրաքանչյուր Կողմ, որն ընտրում է 1-ին կետում սահմանված որևէ տարբերակի կիրառումը, Ավանդապահին ծանուցում է իր ընտրած տարբերակի մասին: Այդպիսի ծանուցումը պետք է նաև ներառի՝
ա) այն Կողմի դեպքում, որն ընտրում է Ա տարբերակի կիրառումը, 3-րդ կետում նշված որևէ դրույթ պարունակող իր Կարգավորող հարկային համաձայնագրերի ցանկը, ինչպես նաև այդպիսի յուրաքանչյուր դրույթի հոդվածի և կետի համարը.
բ) այն Կողմի դեպքում, որն ընտրում է Բ տարբերակի կիրառումը, 5-րդ կետում նշված որևէ դրույթ պարունակող իր Կարգավորող հարկային համաձայնագրերի ցանկը, ինչպես նաև այդպիսի յուրաքանչյուր դրույթի հոդվածի և կետի համարը.
գ) այն Կողմի դեպքում, որն ընտրում է Գ տարբերակի կիրառումը, 7-րդ կետում նշված որևէ դրույթ պարունակող իր Կարգավորող հարկային համաձայնագրերի ցանկը, ինչպես նաև այդպիսի յուրաքանչյուր դրույթի հոդվածի և կետի համարը:
Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթի մասով համապատասխան տարբերակը կիրառվում է միայն այն դեպքում, երբ այդ տարբերակի կիրառումն ընտրած Կողմն այդ դրույթի վերաբերյալ ներկայացրել է այդպիսի ծանուցում։