Հոդված 6. Կարգավորող հարկային համաձայնագրի նպատակը
Հոդված 6. Կարգավորող հարկային համաձայնագրի նպատակը
1. Կարգավորող հարկային համաձայնագիրը փոփոխվում է այնպես, որ նախաբանի տեքստում ներառի հետևյալը.
«Նպատակ ունենալով վերացնելու սույն համաձայնագրով նախատեսված հարկերի մասով կրկնակի հարկումը՝ առանց հարկերից խուսափելու կամ դրանք շրջանցելու միջոցով հարկման բացառման կամ նվազեցված հարկման հնարավորություններ ստեղծելու (այդ թվում՝ պայմանագրի առավելություններից օգտվելուն ուղղված կարգավորումների միջոցով, որոնք ուղղված են սույն համաձայնագրով նախատեսված՝ երրորդ երկրների ռեզիդենտների՝ անուղղակի արտոնության մասով հարկերից թեթևացում ստանալուն),»:
2. 1-ին կետում նշված տեքստը Կարգավորող հարկային համաձայնագրում ներառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի՝ կրկնակի հարկումը վերացնելու մտադրությանը վերաբերող նախաբանի ձևակերպման փոխարեն կամ դրա բացակայության դեպքում՝ անկախ նրանից՝ այդ ձևակերպումը վերաբերում է նաև հարկումը բացառելու կամ նվազեցված հարկման հնարավորություններ չստեղծելու մտադրությանը, թե՝ ոչ:
3. Կողմը կարող է նաև որոշել ներառելու նախաբանի հետևյալ տեքստն իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերում, որոնք չեն պարունակում տնտեսական հարաբերությունները զարգացնելու կամ հարկային հարցերում համագործակցությունն ընդլայնելու ցանկությանը վերաբերող նախաբանի ձևակերպում.
«Ցանկանալով էլ ավելի զարգացնել իրենց տնտեսական հարաբերությունները և ընդլայնել իրենց համագործակցությունը հարկային հարցերում,»:
4. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել չկիրառելու 1-ին կետն իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնք արդեն պարունակում են նախաբանի ձևակերպում, որը նկարագրում է Պայմանավորվող երկրների՝ կրկնակի հարկումը վերացնելու մտադրությունը՝ առանց հարկման բացառման կամ նվազեցված հարկման հնարավորություններ ստեղծելու, անկախ նրանից՝ այդ ձևակերպումը սահմանափակվում է հարկերից խուսափելու կամ դրանք շրջանցելու դեպքերով (այդ թվում՝ պայմանագրի առավելություններից օգտվելուն ուղղված կարգավորումների միջոցով, որոնք ուղղված են Կարգավորող հարկային համաձայնագրով նախատեսված՝ երրորդ երկրների ռեզիդենտների՝ անուղղակի արտոնության մասով հարկերից թեթևացում ստանալուն), թե կիրառվում է ավելի լայնորեն:
5. Յուրաքանչյուր Կողմ Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր՝ 4-րդ կետով սահմանված վերապահման շրջանակներում չգտնվող Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 2-րդ կետում նշված նախաբանի ձևակերպումը, և եթե այո, ապա նախաբանի համապատասխան կետի տեքստը: Այն դեպքում, երբ Պայմանավորվող բոլոր երկրները նախաբանի ձևակերպման վերաբերյալ այդպիսի ծանուցում են ներկայացրել, նախաբանի այդպիսի ձևակերպումը փոխարինվում է 1-ին կետում նշված տեքստով: Մնացած դեպքերում 1-ին կետում նշված տեքստը ներառվում է որպես հավելում նախաբանի առկա ձևակերպմանը:
6. Յուրաքանչյուր Կողմ, որն ընտրում է կիրառել 3-րդ կետը, Ավանդապահին ծանուցում է իր որոշման մասին: Այդպիսի ծանուցումը ներառում է նաև նրա այն Կարգավորող հարկային համաձայնագրերի ցանկը, որոնք արդեն չեն պարունակում տնտեսական հարաբերությունները զարգացնելու կամ հարկային հարցերում համագործակցությունն ընդլայնելու ցանկությանը վերաբերող նախաբանի ձևակերպում: 3-րդ կետում նշված տեքստը Կարգավորող հարկային համաձայնագրում ներառվում է միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող բոլոր երկրները որոշել են կիրառել այդ կետը և Կարգավորող հարկային համաձայնագրի վերաբերյալ այդպիսի ծանուցում են ներկայացրել: