Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ

Հոդված 7. Պայմանագրի չարաշահման կանխումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Պայմանագրի չարաշահման կանխումը

1. Չնայած Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին՝ Կարգավորող հարկային համաձայնագրով սահմանված արտոնությունը չի շնորհվում եկամտի կամ կապիտալի տարրի նկատմամբ, եթե հաշվի առնելով բոլոր համապատասխան փաստերն ու հանգամանքները՝ հիմքեր կան եզրակացնելու, որ այդ արտոնությունն ստանալն այդ արտոնությանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցրած ցանկացած պայմանավորվածության կամ գործարքի գլխավոր նպատակներից մեկն էր, եթե չի հաստատվել, որ այդպիսի հանգամանքներում այդ արտոնությունը շնորհելը համապատասխան կլիներ Կարգավորող հարկային համաձայնագրի համապատասխան դրույթների առարկային և նպատակներին:

2. 1-ին կետը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների փոխարեն կամ դրանց բացակայության դեպքում, որոնք մերժում են այն բոլոր արտոնությունները կամ դրանց մի մասը, որոնք այլապես կտրամադրվեին Կարգավորող հարկային համաձայնագրով, եթե որևէ պայմանավորվածության կամ գործարքի կամ պայմանավորվածությամբ կամ գործարքով շահագրգռված որևէ անձի գլխավոր նպատակը կամ գլխավոր նպատակներից մեկն այդ արտոնություններն ստանալն էր:

3. 15-րդ կետի «ա» ենթակետում նշված վերապահումը չկատարած Կողմը կարող է նաև որոշել իր Կարգավորող հարկային համաձայնագրերի մասով կիրառել 4-րդ կետը:

4. Այն դեպքում, երբ անձին մերժում են Կարգավորող հարկային համաձայնագրով սահմանված արտոնությունը Կարգավորող հարկային համաձայնագրի (քանի որ այն կարող է փոփոխվել սույն կոնվենցիայով) այն դրույթներով, որոնք մերժում են այն բոլոր արտոնությունները կամ դրանց մի մասը, որոնք այլապես կտրամադրվեին Կարգավորող հարկային համաձայնագրով, եթե որևէ պայմանավորվածության կամ գործարքի կամ պայմանավորվածությամբ կամ գործարքով շահագրգռված որևէ անձի գլխավոր նպատակը կամ գլխավոր նպատակներից մեկն այդ արտոնություններն ստանալն էր, ապա Պայմանավորվող երկրի իրավասու մարմինը, որն այլապես այս արտոնությունը շնորհած կլիներ, այնուամենայնիվ, այդ անձին վերաբերվում է որպես այս արտոնությունը կամ եկամտի կամ կապիտալի որոշակի տարրի մասով այլ արտոնություններ ստանալու իրավունք ունեցող անձի, եթե այդ իրավասու մարմինը, համաձայն այդ անձից ստացված դիմում-խնդրանքի և համապատասխան փաստերն ու հանգամանքներն ուսումնասիրելուց հետո, որոշում է, որ այդպիսի արտոնություններն այդ անձին շնորհված կլինեին գործարքի կամ պայմանավորվածության բացակայության դեպքում: Պայմանավորվող երկրի իրավասու մարմինը, որին սույն կետում նշված դիմում-խնդրանքը ներկայացվել է մյուս Պայմանավորվող երկրի ռեզիդենտի կողմից, մինչև դիմում-խնդրանքը մերժելը խորհրդակցում է այդ մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմնի հետ:

5. 4-րդ կետը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի (այնպես, ինչպես այն կարող է փոփոխվել սույն կոնվենցիայով) այն դրույթների նկատմամբ, որոնք մերժում են այն բոլոր արտոնությունները կամ դրանց մի մասը, որոնք այլապես կտրամադրվեին Կարգավորող հարկային համաձայնագրով, եթե որևէ պայմանավորվածության կամ գործարքի կամ պայմանավորվածությամբ կամ գործարքով շահագրգռված որևէ անձի գլխավոր նպատակը կամ գլխավոր նպատակներից մեկն այդ արտոնություններն ստանալն էր:

6. Կողմը կարող է նաև որոշել կիրառել 8-13-րդ կետերում պարունակվող դրույթները (այսուհետ՝ Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթներ) իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ՝ ներկայացնելով 17-րդ կետի «գ» ենթակետում նշված ծանուցումը: Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները կիրառվում են Կարգավորող հարկային համաձայնագրի մասով միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող բոլոր երկրները որոշել են այն կիրառել:

7. Այն դեպքերում, երբ Կարգավորող հարկային համաձայնագրի Պայմանավորվող երկրների որոշ մասը, բայց ոչ բոլորը, որոշում են համաձայն 6-րդ կետի կիրառել Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները, ապա չնայած այդ կետի դրույթներին՝ Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները կիրառվում են Կարգավորող հարկային համաձայնագրով սահմանված արտոնությունների շնորհման մասով՝

ա) Պայմանավորվող բոլոր երկրների կողմից, եթե Պայմանավորվող բոլոր երկրները, որոնք չեն որոշում համաձայն 6-րդ կետի կիրառել Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները, համաձայնում են այդպիսի կիրառության՝ որոշելով կիրառել սույն ենթակետը և համապատասխանաբար ծանուցելով Ավանդապահին, կամ

բ) միայն Պայմանավորվող այն երկրների կողմից, որոնք որոշում են կիրառել Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները, եթե Պայմանավորվող բոլոր երկրները, որոնք չեն որոշում համաձայն 6-րդ կետի կիրառել Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները, համաձայնում են այդպիսի կիրառության՝ որոշելով կիրառել սույն ենթակետը և համապատասխանաբար ծանուցելով Ավանդապահին:

Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները

8. Բացառությամբ Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթներով նախատեսված դեպքերի՝ Կարգավորող հարկային համաձայնագրի Պայմանավորվող երկրի ռեզիդենտը չունի այն արտոնության իրավունքը, որը այլապես կտրվեր Կարգավորող հարկային համաձայնագրով՝ բացի Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներով սահմանված արտոնությունից՝

ա) որոնցով որոշվում է անհատ չհանդիսացող այն անձի ռեզիդենտությունը, որը Կարգավորող հարկային համաձայնագրի՝ Պայմանավորվող երկրի ռեզիդենտին սահմանող դրույթների ուժով մեկից ավելի Պայմանավորվող երկրի ռեզիդենտ է.

բ) որոնցով նախատեսված է, որ Պայմանավորվող երկիրը, համաձայն Կարգավորող հարկային համաձայնագրի, մյուս Պայմանավորվող երկրի՝ նշված առաջին Պայմանավորվող երկրում ձեռնարկության շահույթից գանձված հարկի գումարի մասով կատարած նախնական ճշգրտումից հետո այդ Պայմանավորվող երկրի ձեռնարկությանը կշնորհի համապատասխան ճշգրտում, կամ

գ) որոնցով Պայմանավորվող երկրի ռեզիդենտներին թույլատրվում է խնդրանքով դիմել, որ այդ Պայմանավորվող երկրի իրավասու մարմինն ուսումնասիրի հարկման դեպքերը, որոնք Կարգավորող հարկային համաձայնագրին համապատասխան չեն,

եթե այդպիսի ռեզիդենտը արտոնություն տալու պահին «որակավորված անձ» չէ, ինչպես սահմանված է 9-րդ կետում:

9. Կարգավորող հարկային համաձայնագրի Պայմանավորվող երկրի ռեզիդենտը համարվում է որակավորված անձ այն պահին, երբ արտոնությունը Կարգավորող հարկային համաձայնագրով այլապես կտրամադրվեր, եթե այդ պահին ռեզիդենտը՝

ա) անհատ է.

բ) այդ Պայմանավորվող երկիրն է կամ դրա վարչատարածքային միավորը կամ տեղական իշխանության մարմինը, կամ այդպիսի որևէ Պայմանավորվող երկրի, վարչատարածքային միավորի կամ տեղական իշխանության մարմնի գործակալությունը կամ գործակից մարմինը.

գ) ընկերություն կամ այլ սուբյեկտ է, եթե նրա բաժնեմասերի գլխավոր դասը կանոնավոր վաճառվում է մեկ կամ ավելի՝ ճանաչված ֆոնդային բորսայում.

դ) անհատ չհանդիսացող անձ է, որը՝

i) շահույթ չհետապնդող այնպիսի կազմակերպություն է, որին դիվանագիտական նոտաների փոխանակմամբ համաձայնել են Պայմանավորվող երկրները, կամ

ii) այդ Պայմանավորվող երկրում հաստատված սուբյեկտ կամ կառուցվածք է, որն այդ Պայմանավորվող երկրի հարկային օրենսդրությամբ դիտվում է որպես առանձին անձ, և

Ա) որը հաստատված է և գործում է բացառապես կամ գրեթե բացառապես կառավարելու կամ անհատներին կենսաթոշակային և լրացուցիչ կամ կողմնակի օգուտներ տրամադրելու համար, և որը, որպես այդպիսին, կարգավորվում է այդ Պայմանավորվող երկրի կամ նրա վարչատարածքային միավորներից կամ տեղական իշխանության մարմիններից մեկի կողմից, կամ

Բ) որը հաստատված է և գործում է բացառապես կամ գրեթե բացառապես «Ա» ենթակետում նշված սուբյեկտների կամ կառուցվածքների օգտին ֆինանսական միջոցներ ներդնելու համար.

ե) անհատ չհանդիսացող անձ է, եթե այլապես արտոնություն տալու պահը ներառող տասներկուամսյա ժամանակահատվածի օրերի առնվազն կեսին այն անձինք, որոնք այդ Պայմանավորվող երկրի ռեզիդենտներ են և Կարգավորող հարկային համաձայնագրի «ա»-«դ» ենթակետերով ունեն արտոնության իրավունք, ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում են անձի բաժնեմասերի նվազագույնը 50 տոկոսին:

10. ա) Կարգավորող հարկային համաձայնագրի Պայմանավորվող երկրի ռեզիդենտը, անկախ նրանից՝ որակավորված անձ է, թե՝ ոչ, Կարգավորող հարկային համաձայնագրի արտոնությունների իրավունք կունենա մյուս Պայմանավորվող երկրից ստացած եկամտի տարրի մասով, եթե ռեզիդենտը նշված առաջին Պայմանավորվող երկրում ներգրավված է ակտիվ բիզնես գործունեության մեջ, և մյուս Պայմանավորվող երկրից ստացած եկամուտն առաջանում է այդ գործունեությունից կամ առնչվում է դրան: Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթների նպատակներով «ակտիվ բիզնես գործունեություն» եզրույթը չի ներառում հետևյալ գործունեությունները կամ դրանց որևէ համակցություն.

i) որպես հոլդինգային ընկերություն գործելը.

ii) ընկերությունների խմբի ընդհանուր վերահսկողություն կամ կառավարում ապահովելը.

iii) խմբային ֆինանսավորում ապահովելը (ներառյալ դրամական միջոցների միավորումը), կամ

iv) ներդրումներ կատարելը կամ կառավարելը, եթե այս գործունեությունը չի իրականացվում բանկի, ապահովագրական ընկերության կամ արժեթղթերի գրանցված դիլերի կողմից՝ որպես այդպիսին իր բիզնես գործունեության բնականոն գործունեության ընթացքում:

բ) Եթե Կարգավորող հարկային համաձայնագրի Պայմանավորվող երկրի ռեզիդենտը եկամտի տարր է ստանում այդ ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող երկրում իրականացվող բիզնես գործունեությունից կամ մյուս Պայմանավորվող երկրում առաջացող եկամտի տարր է ստանում իր հետ փոխկապակցված անձից, ապա «ա» ենթակետում նշված պայմաններն այդպիսի տարրի մասով համարվում են բավարարված միայն այն դեպքում, երբ ռեզիդենտի կողմից նշված առաջին Պայմանավորվող երկրում իրականացվող այն բիզնես գործունեությունը, որի հետ կապված է տարրը, էական է նույն գործունեության կամ մյուս Պայմանավորվող երկրում ռեզիդենտի կամ իր հետ փոխկապակցված այդպիսի անձի կողմից իրականացվող փոխլրացնող բիզնես գործունեության առնչությամբ: Այն հանգամանքը, թե արդյոք բիզնես գործունեությունը սույն ենթակետի նպատակներով էական է, որոշվում է բոլոր փաստերի և հանգամանքների հիման վրա:

գ) Սույն կետը կիրառելու նպատակներով Կարգավորող հարկային համաձայնագրի Պայմանավորվող երկրի ռեզիդենտի հետ փոխկապակցված անձանց իրականացրած գործունեությունը համարվում է այդպիսի ռեզիդենտի կողմից իրականացվող:

11. Կարգավորող հարկային համաձայնագրի Պայմանավորվող երկրի այն ռեզիդենտը, որը որակավորված անձ չէ, նույնպես ունի այն արտոնության իրավունքը, որն այլապես եկամտի տարրի մասով կտրվեր Կարգավորող հարկային համաձայնագրով, եթե այլապես արտոնություն տալու պահը ներառող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածի օրերի առնվազն կեսին այն անձինք, որոնք հավասար շահառուներ են, ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում են ռեզիդենտի բենեֆիցիար մասնաբաժնի նվազագույնը 75 տոկոսին:

12. Եթե Կարգավորող հարկային համաձայնագրի Պայմանավորվող երկրի ռեզիդենտը ո՛չ 9-րդ կետի դրույթների համաձայն որակավորված անձ է, ո՛չ 10-րդ կամ 11-րդ կետերով սահմանված արտոնությունների իրավունք ունի, ապա մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմինը, այնուամենայնիվ, կարող է շնորհել Կարգավորող հարկային համաձայնագրի արտոնությունները կամ եկամտի կոնկրետ տարրի մասով արտոնությունները՝ հաշվի առնելով Կարգավորող հարկային համաձայնագրի առարկան և նպատակները, սակայն միայն այն դեպքում, եթե այդպիսի ռեզիդենտն այդպիսի իրավասու մարմին ներկայացնում է ապացույցներ, որ ո՛չ իր ստեղծման, ձեռք բերման կամ պահպանման, ո՛չ իր գործառնությունների իրականացման գլխավոր նպատակներից մեկը Կարգավորող հարկային համաձայնագրով սահմանված արտոնություններն ստանալը չի եղել: Մինչև Կարգավորող հարկային համաձայնագրի Պայմանավորվող երկրի ռեզիդենտի կողմից սույն կետով ներկայացված դիմում-խնդրանքը բավարարելը կամ մերժելը՝ մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմինը, որին ներկայացվել է դիմում-խնդրանքը, պետք է խորհրդակցի նշված առաջին Պայմանավորվող երկրի իրավասու մարմնի հետ:

13. Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթների նպատակներով՝

ա) «ճանաչված ֆոնդային բորսա» եզրույթը նշանակում է՝

i) ցանկացած ֆոնդային բորսա, որը, որպես այդպիսին, ստեղծվել և կարգավորվում է Պայմանավորվող երկրներից որևէ մեկի օրենքներով, և

ii) Պայմանավորվող երկրների իրավասու մարմինների կողմից համաձայնեցված ցանկացած այլ ֆոնդային բորսա.

բ) «բաժնեմասերի գլխավոր դաս» եզրույթը նշանակում է ընկերության բաժնեմասերի այն դասը կամ դասերը, որոնք ներկայացնում են ընկերության ընդհանուր ձայնի և արժեքի մեծամասնությունը, կամ այն սուբյեկտի բենեֆիցիար մասնաբաժնի դասը կամ դասերը, որոնք, ընդհանուր առմամբ, ներկայացնում են այդ սուբյեկտի ընդհանուր ձայնի և արժեքի մեծամասնությունը.

գ) «հավասար շահառու» եզրույթը նշանակում է ցանկացած անձ, որը եկամտի տարրի մասով Կարգավորող հարկային համաձայնագրի Պայմանավորվող երկրի կողմից այդ Պայմանավորվող երկրի ներպետական օրենքով, Կարգավորող հարկային համաձայնագրով կամ եկամտի այդ տարրին Կարգավորող հարկային համաձայնագրով տրվող արտոնությանը հավասար կամ ավելի բարենպաստ ցանկացած այլ միջազգային փաստաթղթով տրված արտոնության իրավունք կունենար․ որոշելու համար՝ արդյոք անձը շահաբաժինների մասով հավասար շահառու է, անձը պետք է համարվի շահաբաժինները վճարող ընկերության այն նույն կապիտալն ունեցող, որն ունի շահաբաժինների մասով արտոնություն պահանջող ընկերությունը.

դ) ընկերություն չհամարվող սուբյեկտների առնչությամբ «բաժնեմասեր» եզրույթը նշանակում է այն տոկոսները, որոնք համեմատելի են բաժնեմասերի հետ.

ե) երկու անձինք «փոխկապակցված անձինք» են, եթե մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում է մյուսում բենեֆիցիար մասնաբաժնի նվազագույնը 50 տոկոսը (կամ ընկերության դեպքում՝ ընկերության բաժնեմասերի ընդհանուր ձայնի և արժեքի նվազագույնը 50 տոկոսը), կամ այլ անձ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում է յուրաքանչյուր անձի բենեֆիցիար մասնաբաժնի նվազագույնը 50 տոկոսը (կամ ընկերության դեպքում՝ ընկերության բաժնեմասերի ընդհանուր ձայնի և արժեքի նվազագույնը 50 տոկոսը). ցանկացած դեպքում անձը փոխկապակցված է մյուսին, եթե համապատասխան բոլոր փաստերի և հանգամանքների հիման վրա մեկը կառավարում է մյուսին, կամ երկուսն էլ գտնվում են նույն անձի կամ անձանց կառավարման ներքո:

14. Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները կիրառվում են Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների փոխարեն կամ դրանց բացակայության դեպքում, որոնք կսահմանափակեին Կարգավորող հարկային համաձայնագրի արտոնությունները (կամ որոնք կսահմանափակեին Կարգավորող հարկային համաձայնագրի՝ գտնվելու վայրին, փոխկապակցված ձեռնարկություններին կամ խտրականության արգելքին վերաբերող դրույթներով սահմանված արտոնությունից կամ միայն Պայմանավորվող երկրի ռեզիդենտներով չսահմանափակված արտոնությունից բացի այլ արտոնություններ) միայն այն ռեզիդենտի նկատմամբ, որը համապատասխանում է այդպիսի արտոնությունների տրամադրման պահանջներին՝ բավարարելով մեկ կամ ավելի դասակարգային թեստերի պահանջները:

15. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել՝

ա) 1-ին կետը չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ այն հիմքով, որ ինքը նախատեսում է ընդունել արտոնության մանրամասն սահմանափակման դրույթների համակցություն և որոշում է անդրադառնալ կա՛մ ֆինանսավորման գաղտնի սխեմաներին, կա՛մ գլխավոր նպատակի թեստին՝ այդպիսով բավարարելով պայմանագրի չարաշահման կանխման նվազագույն չափանիշները՝ սահմանված ՏՀԶԿ/Մեծ քսանյակի ԲԽՇՏ փաթեթով. այսպիսի դեպքերում Պայմանավորվող երկրները ջանքեր են գործադրում փոխշահավետ այնպիսի լուծման հասնելու համար, որը բավարարում է նվազագույն չափանիշները.

բ) 1-ին կետը (և 4-րդ կետն այն Կողմի դեպքում, որը որոշել է կիրառել այդ կետը) չկիրառել իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնք արդեն իսկ պարունակում են դրույթներ, որոնք մերժում են այն բոլոր արտոնությունները, որոնք այլապես կտրամադրվեին Կարգավորող հարկային համաձայնագրով, եթե որևէ պայմանավորվածության կամ գործարքի կամ պայմանավորվածությամբ կամ գործարքով շահագրգռված որևէ անձի գլխավոր նպատակը կամ գլխավոր նպատակներից մեկն այդ արտոնություններն ստանալն էր.

գ) Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները չկիրառել իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնք արդեն իսկ պարունակում են 14-րդ կետում նշված դրույթները:

16. Բացառությամբ այն դեպքի, երբ Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները, համաձայն 7-րդ կետի, Կարգավորող հարկային համաձայնագրով սահմանված արտոնությունների շնորհման մասով կիրառվում են մեկ կամ ավելի Կողմերի կողմից, այն Կողմը, որը որոշում է համաձայն 6-րդ կետի կիրառել Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները, կարող է իրեն իրավունք վերապահել չկիրառելու սույն hոդվածն ամբողջությամբ իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի մասով, որոնց համար մյուս Պայմանավորվող երկրներից մեկը կամ ավելին չեն որոշել կիրառել Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները: Պայմանավորվող երկրներն այսպիսի դեպքերում ջանքեր են գործադրում փոխշահավետ այնպիսի լուծման հասնելու համար, որը բավարարում է պայմանագրի չարաշահման կանխման նվազագույն չափանիշները՝ սահմանված ՏՀԶԿ/Մեծ քսանյակի ԲԽՇՏ փաթեթով:

17. ա) Յուրաքանչյուր Կողմ, որը չի կատարել 15-րդ կետի «ա» ենթակետում նշված վերապահումը, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը, որը ենթակա չէ 15-րդ կետի «բ» ենթակետում նշված վերապահմանը, պարունակում է 2-րդ կետում նշված դրույթ, և եթե այո, ապա յուրաքանչյուր այդպիսի դրույթի հոդվածի և կետի համարի մասին։ Եթե Պայմանավորվող բոլոր երկրները Կարգավորող հարկային համաձայնագրի որևէ դրույթի վերաբերյալ այդպիսի ծանուցում են ներկայացրել, ապա այդ դրույթը փոխարինվում է 1-ին կետի (և, եթե կիրառելի է, 4-րդ կետի) դրույթներով։ Մյուս դեպքերում 1-ին կետը (և, եթե կիրառելի է, 4-րդ կետը) փոխարինում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին միայն այնքանով, որքանով այդ դրույթներն անհամատեղելի են 1-ին կետի (և, եթե կիրառելի է, 4-րդ կետի) հետ։ Սույն ենթակետով սահմանված ծանուցում ներկայացնող Կողմը կարող է նաև ներառել հայտարարություն, որ, չնայած այդ Կողմն ընդունում է 1-ին կետի՝ միայն որպես միջանկյալ միջոցի կիրառությունը, ինքը նպատակ ունի հնարավորության դեպքում երկկողմ բանակցության միջոցով ընդունելու արտոնությունների սահմանափակման դրույթներ՝ ի հավելումն 1-ին կետի կամ դրա փոխարեն:

բ) Յուրաքանչյուր Կողմ, որը որոշում է կիրառել 4-րդ կետը, Ավանդապահին ծանուցում է իր որոշման մասին: 4-րդ կետը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող բոլոր երկրներն այդպիսի ծանուցում են ներկայացրել:

գ) Յուրաքանչյուր Կողմ, որը որոշում է համաձայն 6-րդ կետի կիրառել Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները, Ավանդապահին ծանուցում է իր որոշման մասին: Եթե այդպիսի Կողմը չի կատարել 15-րդ կետի «գ» ենթակետում նշված վերապահումը, ապա այդպիսի ծանուցումը ներառում է նաև նրա այն Կարգավորող հարկային համաձայնագրերի ցանկը, որոնք պարունակում են 14-րդ կետում նշված դրույթը, ինչպես նաև յուրաքանչյուր այդպիսի դրույթի հոդվածի և կետի համարը:

դ) Յուրաքանչյուր Կողմ, որը չի որոշում համաձայն 6-րդ կետի կիրառել Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները, սակայն որոշում է կիրառել 7-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետը, Ավանդապահին ծանուցում է ենթակետի իր որոշման մասին: Եթե այդպիսի Կողմը չի կատարել 15-րդ կետի «գ» ենթակետում նշված վերապահումը, ապա այդպիսի ծանուցումը ներառում է նաև նրա այն Կարգավորող հարկային համաձայնագրերի ցանկը, որոնք պարունակում են 14-րդ կետում նշված դրույթը, ինչպես նաև յուրաքանչյուր այդպիսի դրույթի հոդվածի և կետի համարը:

ե) Եթե Պայմանավորվող բոլոր երկրները հարկային համաձայնագրի որևէ դրույթի վերաբերյալ «գ» կամ «դ» ենթակետերով սահմանված ծանուցում են ներկայացրել, ապա այդ դրույթը փոխարինվում է Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթներով։ Մյուս դեպքերում Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթները փոխարինում են Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին միայն այնքանով, որքանով այդ դրույթներն անհամատեղելի են Արտոնությունների պարզեցված սահմանափակման դրույթների հետ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։