Հոդված 8. Շահաբաժնի փոխանցման գործարքները
Հոդված 8. Շահաբաժնի փոխանցման գործարքները
1. Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթները, որոնց համաձայն մի Պայմանավորվող երկրի ռեզիդենտ ընկերության կողմից վճարվող շահաբաժիններն ազատվում են հարկից, կամ նվազեցվում է դրույքաչափը, որով այդ շահաբաժինները կարող են հարկվել՝ պայմանով, որ փաստացի սեփականատերը կամ ստացողը լինի ընկերություն, որը մյուս Պայմանավորվող երկրի ռեզիդենտ է, և որը տիրապետում, տնօրինում կամ վերահսկում է շահաբաժիններ վճարող ընկերության կապիտալի, բաժնեմասերի, բաժնետոմսերի, ձայնի իրավունքի, քվեարկելու իրավունքի կամ սեփականության իրավունք ենթադրող այլ համանման իրավունքների որոշակի մասից ավելին, կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդ դրույթներով սահմանված՝ սեփականության իրավունքին առնչվող պայմանները գործում են 365-օրյա ժամկետում, որը ներառում է շահաբաժինները վճարելու օրը (այդ ժամկետը հաշվարկելու նպատակով հաշվի չեն առնվում սեփականության իրավունքին առնչվող փոփոխությունները, որոնք կարող են ուղղակիորեն կապված լինել բաժնեմասերը տնօրինող կամ շահաբաժինները վճարող ընկերության ընդհանուր վերակազմակերպման հետ, ինչպես, օրինակ՝ միաձուլման կամ բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում)։
2. Ակտիվի տիրապետման՝ 1-ին կետով նախատեսված նվազագույն ժամկետը կիրառվում է 1-ին կետում նշված՝ Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներով նախատեսված՝ ակտիվի տիրապետման համար սահմանված նվազագույն ժամկետի փոխարեն կամ դրա բացակայության դեպքում։
3. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել՝
ա) սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ.
բ) սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, եթե 1-ին կետի դրույթներով արդեն իսկ սահմանվում է՝
i) ակտիվի տիրապետման նվազագույն ժամկետ,
ii) ակտիվի տիրապետման նվազագույն ժամկետ, որն ավելի կարճ է 365-օրյա ժամկետից, կամ
iii) ակտիվի տիրապետման նվազագույն ժամկետ, որն ավելի երկար է 365-օրյա ժամկետից։
4. Յուրաքանչյուր Կողմ, որը 3-րդ կետի «ա» ենթակետի վերաբերյալ վերապահում չի կատարել, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր կողմից ստորագրված Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 1-ին կետով սահմանված դրույթ, որը ենթակա չէ 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված վերապահման, և եթե դա այդպես է՝ այդպիսի յուրաքանչյուր դրույթ պարունակող հոդվածը և կետը։ 1-ին կետը Կարգավորող հարկային համաձայնագրի որևէ դրույթի նկատմամբ կիրառվում է միայն այն դեպքում, երբ բոլոր Պայմանավորվող երկրներն այդ դրույթի մասին ծանուցում են ներկայացնում։