Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Ավիացիոն անվտանգություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Ավիացիոն անվտանգություն

1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են անհրաժեշտության դեպքում միմյանց օգնություն ցուցաբերել` կանխելու համար օդանավերի անօրինական զավթումը և օդանավերի, օդանավակայանների և օդագնացային սարքավորումների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ վտանգ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է պահպանել ոչ խտրական և սովորաբար կիրառվող անվտանգության դրույթները, որոնք պահանջվում են մյուս Պայմանավորվող կողմից նրա տարածք մուտքի համար, և ձեռնարկել համապատասխան միջոցներ ուղևորների և նրանց ուղեբեռների ստուգման համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև անհրաժեշտ ուշադրության արժանացնի մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած խնդրանքը` կոնկրետ սպառնալիքի դիմակայման նպատակով իր օդանավերի կամ ուղևորների նկատմամբ հատուկ անվտանգության միջոցներ ձեռնարկելու համար:

3. Պայմանավորվող կողմերը պետք է գործեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից հաստատված ավիացիոն անվտանգության կիրառելի դրույթներին համապատասխան: Եթե Պայմանավորվող կողմերից մեկը չի հետևում այդ դրույթներին, ապա մյուս Պայմանավորվող կողմը կարող է պահանջել խորհրդակցություններ այդ Պայմանավորվող կողմի հետ: Եթե Պայմանավորվող կողմերի միջև այլ պայմանավորվածություն չկա, նման խորհրդակցությունները պետք է սկսվեն վաթսուն (60) օրվա ընթացքում` նման խնդրանքի ստացման օրվանից հաշված: Ընդհանուր համաձայնության չհասնելու դեպքում կարող է կիրառվել սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածը:

4. Պայմանավորվող կողմերը պետք է գործեն «Օդանավերում կատարվող հանցագործությունների և այլ գործողությունների մասին» 1963թ. սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված Կոնվենցիայի, «Օդանավերի անօրինական զավթումը կանխելու մասին» 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված Կոնվենցիայի և «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների կանխարգելման մասին» 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված Կոնվենցիայի դրույթներին համապատասխան` այնքանով, որքանով որ երկու Պայմանավորվող կողմերն էլ հանդիսանում են այդ Կոնվենցիաների կողմեր:

5. Օդանավի անօրինական զավթմանը ուղղված որևէ միջադեպի կամ միջադեպի սպառնալիքի կամ օդանավի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների առկայության դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է միմյանց օգնություն ցուցաբերեն` դյուրացնելով հաղորդակցությունը նման միջադեպի կամ նրա սպառնալիքի արագ ու անվտանգ վերացման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։