Հոդված 2. Իրավունքների տրամադրում
Հոդված 2. Իրավունքների տրամադրում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին այդ Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման համար տրամադրում է հետևյալ իրավունքները, եթե Հավելվածում այլ բան սահմանված չէ.
ա) իր տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչք կատարելու իրավունք,
բ) իր տարածքում ոչ առևտրային նպատակներով կանգառներ կատարելու իրավունք, և
գ) սահմանված երթուղով ուղևորների, բեռների և փոստի (առանձին կամ համակցված) փոխադրումներ իրականացնելիս իր տարածքում կանգառներ կատարելու իրավունք` ուղևորներին օդանավ վերցնելու և օդանավից իջեցնելու, ինչպես նաև բեռները և փոստը բեռնելու և բեռնաթափելու նպատակով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չպետք է դիտվեն որպես մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը իրավունքի տրամադրում` մասնակցելու մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վայրերի միջև օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով: