Հոդված 10. Հարկեր, մաքսատուրքեր և գանձումներ
Հոդված 10. Հարկեր, մաքսատուրքեր և գանձումներ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից միջազգային օդային հաղորդակցություններում շահագործվող օդանավը, ինչպես նաև դրանց կանոնավոր սարքավորումները, պահեստամասերը, վառելիքի և քսայուղերի պաշարները, օդանավի մեջ գտնվող պաշարները (ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտը), ինչպես նաև նման օդանավերի մեջ պահվող գովազդային և օժանդակ նյութերը մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելիս ազատվում են ամեն տեսակ մաքսատուրքերից, տեսչական վճարներից և նմանօրինակ ազգային կամ տեղական գանձումներից` պայմանով, որ այդ սարքավորումները և պաշարները մնան օդանավի մեջ մինչև դրանց վերաարտահանումը:
2. Մի Պայմանավորվող կողմի տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից կամ վերջինիս անունից ներմուծված կամ այդ նշանակված ավիաընկերության կողմից շահագործվող օդանավ բարձած և միջազգային հաղորդակցության շահագործման ընթացքում միայն օդանավում օգտագործման համար նախատեսված կանոնավոր սարքավորումների, պահեստամասերի, վառելիքի և քսայուղերի պաշարների և օդանավի մեջ գտնվող պաշարների նկատմամբ չպետք է կիրառվեն ոչ մի տուրք և գանձում` ներառյալ առաջին Պայմանավորվող կողմի տարածքում մտցված մաքսատուրքերը և տեսչական վճարները, նույնիսկ երբ այդ պաշարները օգտագործվելու են այն Պայմանավորվող կողմի տարածքով իրականացվող ուղևորության որոշ հատվածներում, որտեղ նրանք բարձվել են օդանավ:
Կարող է պահանջվել, որ վերը հիշատակված առարկաները գտնվեն մաքսային հսկողության ներքո:
Սույն կետի դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող կողմի պարտավորություն` փոխհատուցել այն մաքսատուրքերը, որոնք արդեն իսկ հաշվարկված են վերը նշված առարկաների գներում:
3. Մի Պայմանավորվող կողմի օդանավում գտնվող կանոնավոր սարքավորումները, պահեստամասերը, վառելիքի և քսայուղերի պաշարները, օդանավի պաշարները կարող են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնաթափվել միայն այդ Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունների համաձայնությամբ, որոնք կարող են պահանջել, որ այդ նյութերը տեղադրվեն այդ ծառայությունների վերահսկողության ներքո` մինչև դրանց վերաարտահանումը կամ այլ կերպ տնօրինումը` մաքսային կանոններին համապատասխան: