Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ

Հոդված 40. Տվյալների շտեմարանը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40. Տվյալների շտեմարանը

1. Պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով պրոբացիայի ծառայությունը ձևավորում և վարում է տվյալների շտեմարան:

2. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ է կատարում պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին և այլ կազմակերպություններին՝ պահպանելով պրոբացիայի շահառուի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը: Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերաբերյալ ֆինանսական կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին բանկային և այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ չի կատարում:

3. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները և այլ կազմակերպություններն իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պրոբացիայի ծառայության հարցումներին պատասխանել սեղմ, բայց ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

4. Տվյալների շտեմարանում պրոբացիայի շահառուի անձնական գործը պահվում է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցի կատարման ավարտի պահից 10 տարի ժամկետով, որից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում է: Պրոբացիայի ծառայության արխիվում մշտապես պահպանվում են դատապարտյալի կամ պրոբացիայի շահառուի վերաբերյալ լրացված հաշվառման քարտը և տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունները:

5. Պրոբացիայի շահառուի հաշվառման քարտի ձևն ու լրացման կարգը, ինչպես նաև տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունների վարման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

6. Պրոբացիայի ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(40-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։