Հոդված 49. Անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունները
Հոդված 49. Անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունները
1. Պրոբացիայի անչափահաս շահառուների սոցիալական, իրավական, հոգեբանական և մտավոր առանձնահատկություններից ելնելով՝ պրոբացիայի ծառայության կազմում գործում են անչափահասների գործերով հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ:
2. Պրոբացիայի անչափահաս շահառուների հետ հանդիպումների համար պրոբացիայի ծառայությունում նախատեսվում են պրոբացիայի անչափահաս շահառուների կարիքներին համապատասխան հարմարեցված և առանձնացված սենյակներ:
3. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման ընթացքում պրոբացիայի ծառայությունը պետք է հաշվի առնի պրոբացիայի անչափահաս շահառուի կարծիքը, ֆիզիկական բարեկեցությունը, նրա զարգացումը, կարողություններն ու անձնական հանգամանքները:
4. Պրոբացիայի անչափահաս շահառուի կարգավիճակի առանձնահատկություններից ելնելով` պրոբացիայի ծառայողը պարտավոր է՝
1) պրոբացիայի անչափահաս շահառուին, ինչպես նաև նրա օրինական ներկայացուցիչներին բացատրել վերջիններիս իրավունքների սահմանափակումների և նրանց վրա դրվող պարտականությունների էությունը.
2) հնարավորինս համագործակցել պրոբացիայի անչափահաս շահառուի և նրա ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ:
5. Պրոբացիայի ծառայության աշխատանքը չպետք է սահմանափակի պրոբացիայի անչափահաս շահառուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումն այնքանով, որքանով դա համատեղելի է նրանց նկատմամբ կիրառված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման հետ:
6. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ տրամադրվող զեկույցը կազմելիս պարտավոր է՝
1) պրոբացիայի անչափահաս շահառուի հետ հանդիպմանն ապահովել հոգեբանի, պրոբացիայի անչափահաս շահառուի օրինական ներկայացուցչի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը.
2) դիմել համապատասխան խնամակալության և հոգաբարձության մարմին` պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար.
3) դիմել այն ուսումնական հաստատություններ, որտեղ սովորել է պրոբացիայի անչափահաս շահառուն` նրա առաջադիմության, վարքագծի, հետաքրքրությունների շրջանակի և նախասիրությունների վերաբերյալ տվյալներ ստանալու համար:
(49-րդ հոդվածը փոփ. 23.05.18 ՀՕ-335-Ն)