Հոդված 39. ․ Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հետ կապված շահերի բախման սահմանափակման վերաբերյալ պահանջները
Հոդված 39․ Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հետ կապված շահերի բախման սահմանափակման վերաբերյալ պահանջները
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է սահմանեն և կիրառեն արդյունավետ քաղաքականություն, ներքին կանոններ և ընթացակարգեր՝ հետևյալ անձանց միջև հնարավոր շահերի բախումները հայտնաբերելու, կանխելու (դրա անհնարինության դեպքում՝ նվազեցնելու) և բացահայտելու համար՝
1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և իր մասնակիցների, իրեն կամ իր մասնակիցներին հսկող անձանց, կառավարման մարմինների, աշխատողների կամ հաճախորդների միջև․
2) իր հաճախորդների միջև։
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք իրենց ինտերնետային կայքում պետք է հրապարակեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգերը և դրանց վերաբերյալ քաղաքականությունը։
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է առնվազն տարին մեկ անգամ վերանայեն շահերի բախման վերաբերյալ իրենց քաղաքականությունը և ընթացակարգերը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները թերությունները վերացնելու համար:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քաղաքականության և ընթացակարգերի նկատմամբ մանրամասն պահանջները։