Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 9 · ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 57. ․ Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման և կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման նկատմամբ պահանջները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 57․ Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման և կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման նկատմամբ պահանջները

1. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է գնահատել կրիպտոակտիվներով ծառայությունների կամ կրիպտոակտիվների համապատասխանությունը հաճախորդին՝ հաշվի առնելով կրիպտոակտիվների կամ կրիպտոակտիվներում ներդրումների հետ կապված՝ հաճախորդի գիտելիքներն ու փորձը, ներդրումային նպատակները, ներառյալ ռիսկեր ստանձնելու ցանկությունը, ինչպես նաև նրա ֆինանսական վիճակը, այդ թվում՝ կորուստներ կրելու կարողությունը։ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն մասով նախատեսված գնահատման իրականացման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ։

2. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը հաճախորդից պահանջում է անհրաժեշտ տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին հաճախորդին առաջարկելու այնպիսի կրիպտոակտիվներ կամ կրիպտոակտիվներով ծառայություններ, որոնք առավելագույնս համապատասխանում են հաճախորդին` հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշները: Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է սահմանել ներքին կանոններ և ընթացակարգեր հաճախորդներին կրիպտոակտիվների կամ կրիպտոակտիվներով ծառայությունների համապատասխանությունը գնահատելու վերաբերյալ։ Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ձեռնարկել ողջամիտ քայլեր հաճախորդներից հավաքված տեղեկությունների արժանահավատությունը ապահովելու նպատակով։ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն մասով սահմանված տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։

3. Եթե հաճախորդը չի տրամադրում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով պահանջվող տեղեկությունները, կամ եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը համարում է, որ կրիպտոակտիվներով ծառայությունները կամ կրիպտոակտիվները չեն համապատասխանում հաճախորդին, ապա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հրաժարվել տվյալ հաճախորդին ծառայություններ մատուցելուց։

4. Կրիպտոակտիվներով ծառայություններին կամ կրիպտոակտիվներին հաճախորդի համապատասխանությունն առաջին անգամ գնահատելուց հետո կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարբերաբար՝ առնվազն երկու տարին մեկ անգամ, պարտավոր է վերանայել սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացված գնահատումը, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը շարունակում է կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցել տվյալ հաճախորդին։

5. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման շրջանակում որոշումները պարտավոր է կայացնել հաճախորդի լավագույն շահերից ելնելով։

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված՝ հաճախորդի լավագույն շահերից բխող որոշումը կայացնելու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը՝

1) պարտավոր է գնահատել շուկայում առկա կրիպտոակտիվների բավարար և բազմազան շրջանակը, որն ապահովում է հաճախորդի ներդրումային նպատակների պատշաճ կատարումը, և չի սահմանափակվում իր կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման շրջանակում առաջարկվող կրիպտոակտիվներով կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, նրա հետ փոխկապակցված անձանց կամ այն անձանց թողարկած կրիպտոակտիվներով, որոնց հետ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ունի այնպիսի հարաբերություններ, որոնք կարող են խոչընդոտել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից անկախ որոշումների կայացումը.

2) պարտավոր է մերժել որևէ դրամական կամ ոչ դրամական փոխհատուցում կամ օգուտ այլ անձանցից, այդ թվում՝ թողարկողից, առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձից՝ հաճախորդին կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցելու համար։

7. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը հաճախորդներին տրամադրում է տեղեկություններ բոլոր միջնորդավճարների կամ այլ վճարների, ներառյալ դրանց վճարման եղանակների ու պայմանների, ինչպես նաև կիրառելիության դեպքում՝ խորհրդատվության ծառայության շրջանակում առաջարկվող կրիպտոակտիվների արժեքի մասին։

8. Եթե կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը հստակ չի սահմանում սույն հոդվածի 7-րդ մասում նշված վճարները, դրանց բնույթն ու մեծությունը, ապա նախքան կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը դրանց հաշվարկման մեթոդաբանությունը պարտավոր է հասկանալի և ճշգրիտ բացահայտել հաճախորդին։

9. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է իր հաճախորդներին առնվազն տեղեկացնել, որ՝

1) կրիպտոակտիվների արժեքը կարող է տատանվել․

2) կրիպտոակտիվները կարող են մասնակիորեն կամ ամբողջությամբ կորցնել իրենց արժեքը:

3) (կետն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-515-Ն)

10. Կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը հաճախորդին խորհրդատվություն տրամադրելիս խորհրդատվությանը կից ներկայացնում է նաև կրիպտոակտիվներով ծառայությունների կամ կրիպտոակտիվների՝ հաճախորդին համապատասխանության գնահատման վերաբերյալ հաշվետվություն, որը առնվազն ներառում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնահատման արդյունքները, ինչպես նաև հստակ ներկայացնում է, թե ինչպես է տրամադրվող խորհրդատվությունը համապատասխանում հաճախորդի ցանկություններին, նպատակներին և այլ առանձնահատկություններին։ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից հաճախորդին տրամադրվող խորհրդատվության և դրան կից ներկայացվող հաշվետվության տրամադրման պարբերականության, ձևի ու բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։

11. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է իր հաճախորդներին տրամադրել մատուցված ծառայությունների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։ Սույն մասով նախատեսված հաշվետվությունները պետք է պարունակեն առնվազն հաշվետու ժամանակաշրջանում կրիպտոակտիվների փաթեթի կառավարման շրջանակում կնքված գործարքների և իրականացված գործողությունների մասին տեղեկությունները, կրիպտոակտիվների փաթեթի կատարողականը (փաթեթի եկամտաբերությունը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում), սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնահատման արդյունքները, մատուցվող ծառայության շրջանակում իրականացված գործողությունների համապատասխանությունը հաճախորդի ցանկություններին, նպատակներին և այլ առանձնահատկություններին։ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված պարբերական հաշվետվությունների տրամադրման պարբերականության, ձևի ու բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված հաշվետվությունները հաճախորդին տրամադրվում են առնվազն եռամսյակային կտրվածքով, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդն ունի առցանց համակարգին հասանելիություն, որտեղ մշտապես առկա են և թարմացվում են հաճախորդի ներդրումային փաթեթի գնահատումները և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնահատման վերաբերյալ տեղեկությունները, և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է ապացուցել, որ հաճախորդը համապատասխան եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ մուտք է գործել տվյալ առցանց համակարգ։

(57-րդ հոդվածը փոփ. 17.12.25 ՀՕ-515-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։