Հոդված 232. Գույքը, որի վրա տարածվում են գրավառուի իրավունքները
Հոդված 232. Գույքը, որի վրա տարածվում են գրավառուի իրավունքները
1. Գրավի առարկա գույքի նկատմամբ գրավառուի իրավունքները (գրավի իրավունքը) տարածվում են նաև դրա պատկանելիքների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ գրավի իրավունքը տարածվում է պայմանագրով նախատեսված դեպքերում:
2. Գրավի պայմանագրով, իսկ օրենքի հիման վրա ծագող գրավի դեպքում` օրենքով կարող է նախատեսվել գրավատուի կողմից ապագայում ձեռք բերվելիք գույքի և գույքային իրավունքների գրավ:
⚖Հոդված 233. Գրավով ապահովված պահանջի ծավալը
Գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ:
(233-րդ հոդվածը փոփ. 23.06.11 ՀՕ-233-Ն)
⚖Հոդված 234. Գրավի պայմանագիրը և դրա ձևը
1. Գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
1.1. Ազդագրի հիման վրա գրավով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում ազդագիրը հանդիսանում է նաև գրավի պայմանագիր կնքելու օֆերտա (գրավի պայմանագիր կնքելու առաջարկ):
2. Գրավի պայմանագրում պետք է նշվեն կողմերի անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը), գրավի առարկան, գրավով ապահովված պարտավորության էությունը, չափն ու կատարման ժամկետը: Ազդագրի հիման վրա գրավով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում գրավի պայմանագրում գրավառուի անվան (անվանման) և բնակության (գտնվելու) վայրի փոխարեն նշվում է, որ գրավառու է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) նշված արժեթղթի սեփականատերը (անվանատերը):
3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ գրավի իրավունքը` պետական գրանցման:
4. Սույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
(234-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն)
⚖Հոդված 235. Գրավի իրավունքի ծագումը
1. Գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից: Ոչ փաստաթղթային ձևով թողարկված արժեթղթերի գրավի իրավունքը ծագում է իրավունքների գրառում կատարող անձի մոտ համապատասխան գրառում կատարելու պահից:
2. Եթե գրավի առարկան, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը ծագում է գրավի առարկան նրան հանձնելու պահից, իսկ եթե այն հանձնվել է մինչև պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից:
(235-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-79-Ն)