Հոդված 25. Ներդրումային ծառայությունները
Հոդված 25. Ներդրումային ծառայությունները
1. Սույն օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ են համարվում անձի կողմից՝
1) հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը.
2) իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը.
3) արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին.
4) իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը.
5) արժեթղթերի փաթեթի կառավարումը.
6) արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:
2. Անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված գործունեության իրականացումը չի համարվում ներդրումային ծառայությունների մատուցում, եթե դա կրում է ոչ պարբերական բնույթ և տվյալ անձի հիմնական գործունեության մաս չի կազմում: Ներդրումային ծառայությունների մատուցում չի համարվում նաև «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ֆոնդերի գործունեությունը:
(25-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-271-Ն)