Հոդված 157. Գործի վարույթը կասեցնելու հիմքերը
Հոդված 157. Գործի վարույթը կասեցնելու հիմքերը
1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`
1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը.
2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է գործի հետագա քննությանը.
3) պատասխանողը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ.
4) գործին մասնակցող անձը մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.
5) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անհայտ բացակայող, և չի նշանակվել նրա գույքի հավատարմագրային կառավարիչ.
6) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ և չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.
7) մահացել են գործին մասնակցող անչափահաս քաղաքացու օրինական ներկայացուցիչները, և նա չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.
8) դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում որոշել է դիմել Սահմանադրական դատարան:
2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե`
1) նշանակվել է փորձաքննություն.
2) գործին մասնակցող իրավաբանական անձը վերակազմակերպվում է.
3) օրենքով սահմանված կարգով բողոքարկվել է գործով կայացված միջանկյալ դատական ակտը:
3. Դատարանը կարող է գործի վարույթը կասեցնել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: