Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-27-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 41 · (գլուխը խմբ. 01.07.19 ՀՕ-102-Ն)

Հոդված 297. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը

գործել է մինչև 2019-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 297. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը

1. Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

2. Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, եթե փոխկապակցված պահանջներն ածանցվում են պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա պահանջից:

3. Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝

1) առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ.

2) մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց.

3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

4. Գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝

1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.

3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.

4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.

5) ներկայացվել է խմբային հայց.

6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:

5. Առաջին ատյանի դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։