Հոդված 222.31. Կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելը
Հոդված 222.31. Կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելը
1. Պահանջատերը կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու, այդ թվում՝ տարաժամկետ կամ պարբերական կատարում ենթադրող դատական ակտով «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվածից ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը թույլատրելու մասին միջնորդությունները ներկայացնում է վարչական դատարան։
2. Պահանջատիրոջ միջնորդությանը կցվում են միջնորդությունը և դրան կից փաստաթղթերի պատճենները պարտապանին ուղարկելու վերաբերյալ ապացույցը։ Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում միջնորդությունը չի քննարկվում, որի մասին վարչական դատարանը տեղեկացնում է պահանջատիրոջը միջնորդությունը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
3. Վարչական դատարանը միջնորդությունը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ միջնորդությունն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում: Վարչական դատարանն այդ ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ։
4. Միջնորդության քննարկման արդյունքներով վարչական դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել։ Վարչական դատարանը բավարարում է միջնորդությունը, եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց թողնելու կամ տարաժամկետ կամ պարբերական կատարում ենթադրող դատական ակտի հարկադիր կատարման դիմումն ավելի վաղ չներկայացնելու պատճառները ճանաչում է հարգելի։ Տարաժամկետ կամ պարբերական կատարում ենթադրող դատական ակտով «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվածից ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը թույլատրելիս դատարանը սահմանում է այդ ժամանակահատվածը։
5. Պահանջատերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդություն չի կարող ներկայացնել, իսկ ներկայացված միջնորդությունը ենթակա չէ քննարկման, եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց է թողնվել ավելի քան 10 տարի ժամկետով, կամ եթե պահանջատերը «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում խնդրում է թույլատրել 10 տարուց ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը։