Հոդված 222.35. Կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումների քննության և լուծման կարգը
Հոդված 222.35. Կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումների քննության և լուծման կարգը
1. Եթե լրիվ կամ մասնակի ի կատար ածված դատական ակտը բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու, գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին նոր դատական ակտ (այսուհետ սույն հոդվածում՝ նոր դատական ակտ), ապա նոր դատական ակտով գույքը համապատասխանաբար լրիվ կամ մասնակի վերադարձվում է պարտապանին կամ շահագրգիռ այլ անձի (այսուհետ սույն հոդվածում երկուսը միասին՝ շահագրգիռ անձ), կամ շահագրգիռ անձի օգտին բռնագանձվում են դրամական միջոցներ։ Եթե անհնար է գույքը շահագրգիռ անձին վերադարձնել բնեղենով, ապա նրա օգտին դատական ակտով ենթակա են բռնագանձման համարժեք դրամական միջոցներ։
2. Դատական ակտի կատարման շրջադարձի հարցը լուծում է գործը քննած վարչական դատարանը՝ շահագրգիռ անձի դիմումով, եթե նոր դատական ակտ կայացրած դատարանը շրջադարձի հարցը չի լուծել։ Շահագրգիռ անձը կարող է դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում ներկայացնել նոր դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում։
3. Վարչական դատարանը դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձի միջնորդությամբ կիրառում է այդ դիմումի պահանջի ապահովման միջոցներ՝ սույն օրենսգրքով սահմանված հայցի ապահովման միջոցների կիրառման կանոններով։
4. Վարչական դատարանը դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումը քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում այն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում առանց դատական նիստ հրավիրելու՝ իր նախաձեռնությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջելով բեկանված դատական ակտի կատարման վարույթի բոլոր նյութերի պատճենները։ Վարչական դատարանը սույն մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում:
5. Դիմումի քննության արդյունքներով վարչական դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց և այդ ժամկետում կարող է բողոքարկվել։