Հոդված 200.9. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, դրանց բնույթը և իրավական հետևանքները
Հոդված 200.9. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, դրանց բնույթը և իրավական հետևանքները
1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին համապատասխանող ճանաչելու մասին.
2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտը` դիմողի սեփականության իրավունքին առնչվող մասով, կամ դրա վիճարկվող դրույթն անվավեր ճանաչելու մասին.
3) վիճարկվող` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը` դիմողի սեփականության իրավունքին առնչվող մասով, կամ դրա վիճարկվող դրույթը ոչ իրավաչափ ճանաչելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
3. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։
4. Անվավեր ճանաչված Կառավարության որոշումն անվավեր ճանաչված մասով իր իրավաբանական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից (ex nunc), բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի։
5. Սույն գլխով նախատեսված Կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասամբ վարչական դատարանի կողմից կարող է անվավեր ճանաչվել այդ ակտի ուժի մեջ մտնելու պահից, եթե նման որոշում չընդունելը կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել հանրության և պետության համար։
6. Ուժի մեջ մտնելու պահից (ex tunc) ամբողջությամբ կամ մասամբ անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի կամ դրա համապատասխան մասի հիման վրա ընդունված կամ դրա բովանդակությունը վերարտադրող նորմատիվ իրավական այլ ակտերը նույնպես կորցնում են իրենց իրավաբանական ուժը` անվավեր ճանաչված ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ։
7. Վարչական դատարանը կարող է հետաձգել իր կողմից սույն գլխով սահմանված կարգով ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժը ամբողջությամբ կամ մասնակիորեն կորցնելու ժամկետը, եթե համարում է, որ վարչական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահին այդ ակտի ուժը կորցնելն անխուսափելիորեն կառաջացնի իրավական կարգավորման այնպիսի բացեր, որոնք կխաթարեն այդ ակտի վերացմամբ տվյալ պահին հաստատվելիք իրավական անվտանգությունը։ Իրավաբանական ուժը կորցնելու ժամկետի հետաձգումը չի կարող գերազանցել երեք ամիսը։