Հոդված 64.3. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները
Հոդված 64.3. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները
1. Սույն գլխի իմաստով՝
1) Համակարգը էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման և գործի քննության համար անհրաժեշտ՝ սույն գլխով նախատեսված այլ գործողությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վարվող էլեկտրոնային համակարգն է.
2) էլեկտրոնային եղանակով վարվող գործը դատական գործի՝ Համակարգում գտնվող և Համակարգի միջոցով հասանելի նյութերի ամբողջությունն է.
3) Համակարգն օգտագործող անձ է (են) համարվում.
ա. այն ֆիզիկական անձը, որը վարչական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին,
բ. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, վարչարարություն իրականացնող մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք (բացի հայցվորից), դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով հայցվորները, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հասարակական կազմակերպության ներկայացրած հայցով գործին մասնակցող անձինք, լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործով պատասխանողները, անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վարույթով պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, արտոնագրված հաշտարարները և նոտարները՝ անկախ տվյալ վարչական գործի շրջանակներում Համակարգի միջոցով առնվազն մեկ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց։
2. Սույն գլխի իմաստով՝ Համակարգի միջոցով հասանելի դարձած փաստաթղթեր (նյութեր) են համարվում այն փաստաթղթերը (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերը, ապացույցները, դատական ակտերը, դատական ծանուցագրերը), որոնք առկա են էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերում և տեղադրվել են Համակարգն օգտագործող անձի անձնական էջում, որը հավաստվում է Համակարգի կողմից, և դրանք հնարավոր է դիտել ու ներբեռնել Համակարգի միջոցով։ Համակարգն օգտագործող անձին որևէ փաստաթուղթ (նյութ) հասանելի դառնալու դեպքում Համակարգն օգտագործող անձն անմիջապես տեղեկացվում է Համակարգում մուտքագրված անձի բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով: