Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-01-05։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 158. Առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի և առևտրի իրականացման վայրի կազմակերպչի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը

գործել է մինչև 2008-01-05Բացել ARLIS-ում

Հոդված 158. Առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի և առևտրի իրականացման վայրի կազմակերպչի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը

Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը և աշխատանքային ռեժիմը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը, օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան, ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Առևտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Հանրային սննդի օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Կենցաղային ծառայության օբյեկտներում օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի կամ առանց առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Վաճառողի կողմից սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների աշխատողներին աշխատանքային արտահագուստի կրումը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը, ինչպես նաև առևտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների և տոնավաճառների (վերնիսաժների)) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով՝ յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:

Առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Առևտրի օբյեկտում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Դեղատներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը և (կամ) հետ վերցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ էրոտիկա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաև 18 տարին չլրացած անձանց նման ապրանքներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) օրենսդրությանը համապատասխան` առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չապահովելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործելը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(158-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.02.07 ՀՕ-134-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։