Հոդված 188. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները, պարտադիր սերտիֆիկացման կանոնները, չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը
Հոդված 188. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները, պարտադիր սերտիֆիկացման կանոնները, չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը
Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները խախտելը, բացի սույն օրենսգրքի 158 հոդվածով նախատեսված իրավախախտումներից արտադրանքն իրացնելու (առաքելու), օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու, օգտահանելու ժամանակ, ինչպես նաև պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար արտադրանք, անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելուց խուսափելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Առանց համապատասխանության սերտիֆիկատի պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանք (այդ թվում` ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը)` բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կամ արտադրողների (կատարողների, մատուցողների), ինչպես նաև սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից սերտիֆիկացման կանոնները խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Տեսակը չհաստատված, պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ կիրառելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, վկայագրված չափումների կատարման մեթոդիկաները, չափագիտական կանոնները և նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության և Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք նյութական վնաս են պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
(188-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 28.04.98 ՀՕ-212, փոփ., խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն)