Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՎԱԳԱՆԻՆ

Հոդված 21. Ավագանու նիստը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Ավագանու նիստը

1. Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

2. Ավագանու նիստը վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` քաղաքապետի առաջին տեղակալը: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում քաղաքապետը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

3. Ավագանու նիստը իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված ընդհանուր թվի կեսից ավելին:

4. Ավագանու անդամի գրանցումն իրականացվում է կանոնակարգով սահմանված կարգով՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, նիստերի սկզբում: Գրանցումից ուշացած ավագանու անդամի պահանջով նրան սահմանված կարգով գրանցում է աշխատակազմի ծառայողը:

5. Եթե գրանցված ավագանու անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով ավագանու անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝

1) ապահովման դեպքում նիստը վարողն ավագանու անդամներին տեղեկացնում է նիստը սկսվելու մասին.

2) չապահովման դեպքում հերթական կամ արտահերթ նիստերը համարվում են չկայացած:

6. Ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով սահմանված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ քննարկումներ։

7. Ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակման իրականացումն ապահովում է քաղաքապետարանի աշխատակազմը:

8. Քաղաքապետի տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, ունենալու արտահերթ ելույթներ։

9. Ավագանու նիստերին խմբակցությունների առաջարկության հիման վրա և նիստը վարողի հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք:

10. Ավագանու հրապարակային նիստում, ավագանու անդամներից բացի, կարող են ներկա լինել օրենքով նման իրավունք ունեցող անձինք, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատողները:

11. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա լինելու ավագանու հրապարակային նիստերին քաղաքապետարանում առանձնացված տեղում:

12. Ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։