Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հոդված 40. Քաղաքապետի լիազորությունների ընդհանուր բնութագիրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40. Քաղաքապետի լիազորությունների ընդհանուր բնութագիրը

1. Քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է ավագանու աշխատանքները և ապահովում նրա բնականոն գործունեությունը, կատարում է ավագանու որոշումները, իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

2) առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին և աշխատակազմի ղեկավարին.

3) համայնքային կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին կամ դեպարտամենտների ղեկավարներին.

4) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

5) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անշարժ գույքի հասցեավորումը և համարակալումը, տրամադրում է անշարժ գույքի հասցե.

6) տալիս է համայնքի անվանումը կամ խորհրդանիշները կամ համայնքի վարչական շրջանների անվանումները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն.

7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին և հաստատում է նրանց հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.

8) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների (այդ թվում՝ հիմնարկների) կառուցվածքի, աշխատողների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.

9) հաստատում է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը.

10) նշանակում և ազատում է վարչական շրջանի ղեկավարներին.

11) քաղաքապետարան ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթները և (կամ) բողոքները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով քննելու և որոշումները կայացնելու լիազորությունները վերապահում է աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին և ստորաբաժանումների համայնքային ծառայողներին.

12) օրենքով կամ Կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.

13) վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի ղեկավարի գործունեության նկատմամբ և պատասխանատու է նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար.

14) իրականացնում է Երևանի սեփականությունը համարվող ենթակառուցվածքների կառավարումը և ապահովում դրանց շահագործումը.

15) ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.

16) ավագանու սահմանած կարգով քաղաքապետին կից համապատասխան բնագավառի խորհրդակցական խորհրդի եզրակացության հիման վրա տրամադրում է ավագանու հաստատած չափորոշիչներից, կանոններից, պահանջներից և սահմանափակումներից բացառություն նախատեսող թույլտվություններ.

17) ավագանու սահմանած կարգով տալիս է Երևանի վարչական տարածքում կենդանիներ պահելու թույլտվություն.

18) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը ավագանու և իր գործունեության մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում.

19) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Քաղաքապետի՝ սույն օրենքով և այլ օրենքներով տրված լիազորությունները լիակատար և բացառիկ են, դրանք կարող են սահմանափակվել միայն օրենքով:

3. Քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով լուծում է Երևանի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.

2) մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.

3) օրենքով քաղաքապետի համար պատվիրակված այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։