Հոդված 49. Քաղաքապետի լիազորությունները առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում
Հոդված 49. Քաղաքապետի լիազորությունները առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում
1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կառավարում է Երևանի սեփականությունը համարվող առողջապահական և մարզական կազմակերպությունները.
2) Երևանի տարածքում ապահովում է համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում՝ հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.
3) կազմակերպում է քաղաքային հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը.
4) «Հանրային առողջապահության մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով կայացնում է կարանտին սահմանելու մասին որոշում.
5) Երևանի ենթակայության կազմակերպության միջոցով Երևանում կազմակերպում և իրականացնում է շտապ բժշկական օգնության իրականացումը.
6) ապահովում է Երևանում մարզական ենթակառուցվածքների ընդլայնումը.
7) ապահովում է Երևանի հավաքական թիմերի մասնակցությունը հանրապետական և միջազգային խոշոր մրցաշարերին:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով մասնակցում է պետական սեփականություն համարվող առողջապահական և մարզական կազմակերպությունների կառավարմանը.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, այդ թվում՝ վերջինիս ենթակայությամբ գործող բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունների միջոցով իրականացվող կանխարգելիչ, հակահամաճարակային, կարանտին սահմանելու դեպքում՝ կիրառվող սահմանափակող միջոցառումների իրականացմանը.
3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով գնահատում է Երևանի բնակիչների առողջության ցուցանիշները և առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմին.
4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է Երևանում պետական առողջապահական միջոցառումների իրականացմանը։