Հոդված 42. Քաղաքապետի լիազորությունները քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում
Հոդված 42. Քաղաքապետի լիազորությունները քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում
1. Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) «Քաղաքաշինության մասին» օրենքով և այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին քաղաքաշինության ոլորտում վերապահված լիազորություններն իրականացնում է քաղաքապետը.
2) օրենքով սահմանված կարգով տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.
3) տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես բազմաբնակարան շենքի կառավարման մարմին, վերապահված լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով կազմակերպում է Երևանի վարչական տարածքում գտնվող կառավարման մարմին չունեցող բազմաբնակարան շենքերի կառավարումը.
4) սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության նկատմամբ.
5) որոշում է ընդունում Երևանի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունը Երևանի գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու (համապատասխան սահմանելու) վերաբերյալ.
6) որոշում է ընդունում Երևանի վարչական տարածքում գտնվող շենքերի կամ շինությունների առանց շինարարության իրականացման նպատակային և գործառնական նշանակության փոփոխության, ինչպես նաև շինության տեսակի փոփոխության վերաբերյալ.
7) քաղաքաշինական օբյեկտներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու ծրագիր.
8) ընդունում է համայնքային սեփականությունը համարվող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.
9) ընդունում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված և չօրինականացված ինքնակամ շինությունների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.
10) իր լիազորությունների շրջանակում իրականացնում է ինքնակամ շինարարության կասեցման և ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները.
11) վերահսկողություն է իրականացնում Երևանի տարածքում գտնվող հողամասերի, շենքերի և շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
12) կազմակերպում է համայնքային գերեզմանատների գործունեությունը, վերահսկողություն է իրականացնում մասնավոր գերեզմանատների գործունեության նկատմամբ.
13) կազմակերպում է Երևանի սեփականությունը համարվող հաղորդակցության ուղիների, ջրամատակարարման համակարգերի, կոյուղու, գազի, ոռոգման, ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.
14) կազմակերպում է աղբահանությունը, փողոցների, հրապարակների, այգիների և ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի մաքրումը, բարեկարգումը և կանաչապատումը, վերահսկում է գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից պարտադիր բարեկարգման իրականացումը.
15) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» և «Թափոնների մասին» օրենքներով նախատեսված այլ լիազորություններ.
16) կազմում է Երևանի քաղաքաշինական կանոնադրության նախագիծը և ներկայացնում ավագանուն.
17) ներկայացնում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված և քաղաքապետի որոշմամբ չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված և քաղաքապետի որոշմամբ չօրինականացված հատվածների, այդ թվում՝ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի, քանդման (ապամոնտաժման) և նախկին վիճակի վերականգնման պահանջներ.
18) ներկայացնում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան շահագործելու և պահպանելու պահանջներ.
19) ներկայացնում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առանձին շինությունների արտաքին պատերի ձևափոխումները, այդ թվում՝ երեսպատումը փոփոխելու և նախկին տեսքին բերելու պահանջներ.
20) սահմանված կարգով կասեցնում է նախագծման թույլտվության և (կամ) շինարարության թույլտվության հայտի, դիմումի քննարկումը, եթե ներկայացված հայտի, դիմումի քննարկմամբ պարզվում են կամ ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնց պատճառով առաջանում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փոփոխման անհրաժեշտություն, այդ թվում՝ քննարկվող հողամասում քաղաքաշինական գործունեության սահմանափակման կամ բացառման նպատակով, և դիմում է իրավասու մարմիններին համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով: Սույն ենթակետով նախատեսված դեպքում հայտի, դիմումի քննարկումը, իսկ վարչական վարույթ հարուցված լինելու դեպքում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 17-19-րդ կետերով նախատեսված պահանջները գրավոր ներկայացնում է քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձը, որի ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված լսումները չեն անցկացվում: Պահանջները ենթակա են կատարման գրավոր պահանջն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում, եթե օրենքով կամ գրավոր ներկայացված պահանջով ավելի երկար ժամանակ սահմանված չէ: Գրավոր պահանջները փոստային առաքմամբ ուղարկվում են իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով և միաժամանակ տեղադրվում են նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որից հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան պահանջները համարվում են հանձնված (ստացված):
3. Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.
2) ընդունում է Երևանի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականությունը համարվող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը: