Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց ձևավորման կարգը, իրավական կարգավիճակը և այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց ձևավորման կարգը, իրավական կարգավիճակը և այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները

1. Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են`

1) Երևանի ավագանին (այսուհետ` ավագանի).

2) Երևանի քաղաքապետը (այսուհետ` քաղաքապետ):

2. Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

3. Ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից:

4. Ավագանին կազմված է 65 անդամից։

5. Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:

6. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը:

7. Ավագանու անդամը չի կարող միաժամանակ աշխատել քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, զբաղեցնել պաշտոն Երևանի ենթակայության կազմակերպություններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ, զբաղեցնել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը:

8. Սույն հոդվածով սահմանված անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով:

9. Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող (Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների հաշվառմամբ) և ավագանու անդամ համարվող անձը:

10. Քաղաքապետը`

1) ներկայացնում է Երևանը որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում.

2) ղեկավարում է քաղաքապետարանի աշխատանքները.

3) ավագանու անդամ է.

4) ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով.

5) օրենքով նախատեսված դեպքերում, որպես համայնքի (Երևանի) ներկայացուցիչ, հանդես է գալիս դատարանում՝ ներկայացնելով Երևանը՝ որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:

11. Ավագանու և քաղաքապետի ընտրության անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։