Հոդված 45. Քաղաքապետի լիազորությունները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում
Հոդված 45. Քաղաքապետի լիազորությունները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում
1. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է քաղաքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների, թունելների, արհեստական և ճանապարհային ինժեներական այլ կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը.
2) աջակցում է Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
3) կազմակերպում է Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքը (բացառությամբ Երևանի մետրոպոլիտենի).
4) իրականացնում է հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագիր.
5) սահմանված կարգով որոշում է կայացնում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ (ճանապարհային նշաններ, գծանշում, լուսացույցներ, ճանապարհային ցանկապատեր, բազրիքներ, պարապետներ, ուղղորդ կարճասյուներ, անվտանգության կղզյակներ, արհեստական անհարթություններ և այլն) ներդնելու վերաբերյալ, մշակում և հաստատում է ճանապարհային նշանների տարաբաշխումները:
2. Քաղաքապետը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով.
2) կազմակերպում է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները: