Հոդված 39. Քաղաքապետարանի աշխատակազմը
Հոդված 39. Քաղաքապետարանի աշխատակազմը
1. Քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:
2. Քաղաքապետարանի աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայությունը կարգավորվում է համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
3. Քաղաքապետարանի աշխատակազմն ունի կառուցվածքային (դեպարտամենտ, վարչություն, քարտուղարություն, բաժին, ծառայություն) և առանձնացված (վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ) ստորաբաժանումներ:
4. Դեպարտամենտի կազմում կարող են ներառված լինել վարչություններ և (կամ) բաժիններ:
5. Ավագանու որոշմամբ սահմանվում է աշխատակազմին փոխանցվող (սեփականության կամ օգտագործման իրավունքով) գույքի ցանկը, որի տնօրինումը իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:
6. Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը`
1) իր իրավասության շրջանակում կազմակերպում է քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը և համակարգումը.
2) հսկողություն է իրականացնում քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարման ընթացքի նկատմամբ և դրանց մասին զեկուցում քաղաքապետին.
3) ապահովում է Երևանի բյուջետային ծախսերի կատարումը.
4) կազմակերպում է Երևանի բնակիչների ընդունելությունը, նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը.
5) հաստատում է քաղաքապետարանի աշխատակազմի կողմից զբաղեցված շենքերում և դրանց տարածքում գործող անվտանգության կանոնները և անցագրային ռեժիմը.
6) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.
7) կարող է սահմանել քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողների համազգեստի և անհրաժեշտ տարբերանշանների ձևերը․
8) իրականացնում է օրենքով և քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
7. Քաղաքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը: