Հոդված 75. Երևանի հանդեպ առկա գումարային պարտավորությունների իրականացման կարգը
Հոդված 75. Երևանի հանդեպ առկա գումարային պարտավորությունների իրականացման կարգը
1. Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորությունները մարվում են Երևան համայնքի հանդեպ առկա Պարտավորությունների կատարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող Պարտավորությունների միասնական հաշվից (այսուհետ՝ Միասնական հաշիվ):
2. Միասնական հաշվի գումարը ձևավորվում է Միասնական հաշվին կատարված վճարումներից կամ դատական ակտի կամ վարչական բողոքի արդյունքով ընդունված որոշման հիման վրա կամ Երևան համայնքի կատարած վերահաշվարկի արդյունքով Պարտավորության վերացման կամ պակասեցման կամ որևէ մարված Պարտավորության մասով արտոնություն ձեռք բերելու արդյունքով Միասնական հաշվին համայնքի վերադարձրած գումարից:
3. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են Միասնական հաշվին` դրանց վճարման կամ վերադարձման օրվա ամսաթվով:
4. Միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում համայնքի եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին Պարտավորություններ չեն մարվել:
5. Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորությունները մարվում են նախ Միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետև՝ գանձապետարանի կողմից վարվող համայնքի բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ն առաջացած գերավճարների հաշվին: Մարումներն իրականացվում են ինքնաշխատ՝ սույն մասում նշված գումարների առկայության օրով, իսկ դրանց կատարման օր է համարվում Պարտավորությունների ինքնաշխատ մարվելու օրը:
6. Մարումը կատարվում է, եթե Միասնական հաշվին վճարումը կատարելիս Վճարողը նշել է սույն օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալները: Սույն մասով նշված տվյալները չնշելու կամ սխալ կամ ոչ լիարժեք նշելու դեպքում մարումը չի կատարվում, և Պարտավորությունը համարվում է չկատարված:
7. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին, անկախ դրանք Միասնական հաշվին մուտքագրելու ժամանակ նշված վճարման նպատակից, առաջնահերթ մարվում են Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորության կատարման ժամկետը լրացած՝ սույն մասում նշված պարտավորությունները հետևյալ հերթականությամբ․
1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտով կամ համաձայնագրով սահմանված՝ համայնքին պատճառված վնասների հատուցման վճարի․
2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտով կամ համաձայնագրով սահմանված՝ համայնքի կատարած ծախսերի հատուցման գումարի․
3) համայնքի օգտին վճարման ենթակա տուժանքի գումարների․
4) անբողոքարկելի դարձած վարչական ակտերով նշանակված տուգանքների գումարի․
5) աղբահանության վճարի․
6) վարձակալության վճարի․
7) անշարժ գույքի հարկի (այդ թվում` նախկին գույքահարկի և հողի հարկի)․
8) փոխադրամիջոցի գույքահարկի․
9) տեղական տուրքերի․
10) տեղական վճարների (բացառությամբ վճարովի ավտոկայանատեղերի համար մեկ ժամվա կամ մեկ օրվա համար կատարված վճարումների):
8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված պարտավորությունները մարվում են անկախ Վճարողի այլ պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից:
9. Միասնական հաշվում առկա գումարները մինչև Պարտավորությունների կատարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ Վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ կարող են ուղղվել Վճարողի նշած Պարտավորությունների մարմանը: Վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգը չկիրառելու դեպքում Պարտավորությունների կատարման վերջնաժամկետի օրը Միասնական հաշվում առկա գումարներից մարումներն իրականացվում են սույն հոդվածով սահմանված կարգով:
10. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո Վճարողի այլ պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած պարտավորության հերթականության:
11. Միասնական հաշվի գումարներից սկզբում մարվում են Պարտավորությունների սկզբնական գումարները, այնուհետև՝ տույժերի, որից հետո՝ տուգանքների գումարները, իսկ Պարտավորությունների մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նրանք, որոնց կատարման վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում:
12. Միասնական հաշվում սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հերթականությունից տարբերվող հերթականությամբ մարումները կատարվում են միայն պետական կառավարման մարմինների կամ դատական համակարգի մարմինների կամ սնանկության գործով կառավարիչների վճարած գումարներից:
13. Վճարողն իրավունք ունի ցանկացած պահի հետ ստանալու Միասնական հաշվին առկա գումարները, քանի դեռ դրանց հաշվին սույն օրենքով սահմանված կարգով մարումներ չեն իրականացվել կամ, անկախ այդ հանգամանքից, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Ընդ որում՝ գումարի վերադարձն իրականացվում է Համակարգի միջոցով ներկայացված դիմումի կամ դատական ակտի հիման վրա՝ դիմումի ներկայացման կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ստացման օրը: Միասնական հաշվին առկա գումարների հաշվին Պարտավորության մարում կատարվելու դեպքում նշված գումարները Վճարողի կողմից հետ ստացվել չեն կարող, բացառությամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա հետ ստանալու դեպքերի:
14. Վճարողը Միասնական հաշվին առկա գումարները, քանի դեռ դրանց հաշվին սույն օրենքով սահմանված կարգով մարումներ կատարված չեն, կարող է ուղղել այլ անձի Պարտավորությունների մարմանը՝ համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ:
15. Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ Միասնական հաշվի գումարներից մարումներ չեն կատարվում, իսկ մահվան կամ մահացած ճանաչելու օրվանից հետո կատարված մարումները ենթակա են վերադարձման Միասնական հաշվին, իսկ հետագայում Միասնական հաշվին առկա գումարների մնացորդները, ինչպես նաև գերավճարները ենթակա են վերադարձման նրա ժառանգին (մեկից ավելի ժառանգների դեպքում՝ ժառանգներին):