Հոդված 71. Երևանի բյուջեի փոխառու միջոցների ներգրավումը
Հոդված 71. Երևանի բյուջեի փոխառու միջոցների ներգրավումը
1. Քաղաքապետը ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը կատարելու նպատակով կարող է ներգրավել փոխառու միջոցներ՝
1) ստանալ վարկեր և այլ փոխառություններ (մինչև պայմանագրի կնքումը պայմանագրերի նախագծերի վերաբերյալ պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի կարծիքն ստանալով, իսկ այլ համայնքի բյուջեից փոխառություն ստանալու համար ստանալով փոխառություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը).
2) թողարկել և տեղաբաշխել պարտքային արժեթղթեր` պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ:
2. Պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի (փոխառության) մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարի՝ մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների վճարման պայմաններով նախատեսված տարեկան գումարի ընդհանուր չափը չպետք է գերազանցի տվյալ տարվա համար պլանավորված սեփական եկամուտների տարեկան 15 տոկոսը:
4. Սույն հոդվածով փոխառու միջոցներ ներգրավելու պայմանագրերից բխող՝ Երևանի պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ կարող են լինել միայն Երևանի բյուջեի սեփական եկամուտները, սեփականության իրավունքով երրորդ անձանց պատկանող գույքի գրավը և ապահովման այլ միջոցները:
5. Երևանի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխառություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխառությունների տրամադրման դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ Երևանի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի գնման դեպքերի):
6. Սույն օրենքի իմաստով՝ Երևանի բյուջեի սեփական եկամուտ են համարվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը, բացառությամբ պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման համար հատկացվող միջոցների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1.2-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը: