Հոդված 13. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը
Հոդված 13. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը
1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝
1) դադարել են ավագանու լիազորությունները.
2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.
5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.
6) նա հրաժարական է տվել:
2. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո` եռօրյա ժամկետում` գրավոր դիմում ներկայացնելով։
3. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
4. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված դեպքերում և 6-րդ կետով նախատեսված դեպքում, եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չի վերցրել, ապա համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա քաղաքապետը, իսկ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքապետի պաշտոնակատարը կամ աշխատակազմի ղեկավարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:
6. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է քաղաքապետին կամ քաղաքապետի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Քաղաքապետի կամ պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին։ Մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի գումարումն ընկած ժամանակահատվածում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
7․ Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացվում է խմբակցության ղեկավարի կամ ավագանու անդամի ներկայացուցչի միջոցով: