Հոդված 14. Ավագանու անդամի գործունեության համար փոխհատուցումն ու գործունեության երաշխիքները
Հոդված 14. Ավագանու անդամի գործունեության համար փոխհատուցումն ու գործունեության երաշխիքները
1. Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու սահմանած կարգով կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը և խմբակցության քարտուղարը կարող են ստանալ քառապատիկի, իսկ մշտական հանձնաժողովի նախագահը և խմբակցության ղեկավարը՝ հնգապատիկի չափով:
2. Քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են ավագանու անդամի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան գրավոր դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, ընդունել նրան:
3. Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է ավագանու անդամի պահանջով ամսական առնվազն մեկ օր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի վարչական շենքերում կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել ավագանու անդամին` Երևանի բնակիչների ընդունելություն, ինչպես նաև հանրային հանդիպումներ կազմակերպելու համար:
4. Ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել ավագանու՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ քվեարկության, ինչպես նաև ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ: