Հոդված 43. Քաղաքապետի լիազորությունները հասարակական կարգի պահպանության բնագավառում
Հոդված 43. Քաղաքապետի լիազորությունները հասարակական կարգի պահպանության բնագավառում
1. Հասարակական կարգի պահպանության բնագավառում քաղաքապետը իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) հետևում է համակեցության կանոնների պահպանմանը.
2) հետևում է ավագանու հաստատած կարգերի, պայմանների, պահանջների, սահմանափակումների և կանոնների պահանջների պահպանմանը.
3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում վարչական պատասխանատվության է ենթարկում վարչական իրավախախտում կատարած անձանց և օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում այդ իրավախախտումների կանխարգելման, նվազեցման, կանխման և բացահայտման համար.
4) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով նախատեսված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերի առկայության դեպքում իրավասու է շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու հատուկ տարածք.
5) իրավասու է ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ), վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների և այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվության կամ տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը, ընդ որում՝
ա. դադարեցումն առաջին անգամ կարող է իրականացվել հինգ օր ժամկետով, երկրորդ անգամ՝ 10 օր ժամկետով, երրորդ և հաջորդ բոլոր դեպքերում՝ մեկ ամիս ժամկետով,
բ. սույն մասով սահմանված լիազորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ համապատասխան վարչական ակտն ընդունում է քաղաքապետը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը՝ առանց լսումներ իրականացնելու, որով կարող է նախատեսվել, որ համապատասխան ագրեգատը, շենքը, շինությունը կամ այլ օբյեկտը կարող են կապարակնքվել (կնքվել)․
6) իրավասու է առգրավելու՝
ա. վարչական իրավախախտման կատարման ընթացքում օգտագործվող (վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող) և վարչական իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաները,
բ. Երևանի վարչական տարածքում, այդ թվում՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում, և տանիքին՝ ավագանու սահմանած կարգի, պահանջների, պայմանների, սահմանափակումների խախտմամբ կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեղադրված սարքերը, սարքավորումները (այդ թվում՝ արևային կայանները), դեկորատիվ առարկաները, այլ պարագաներն ու տարրերը (արտաքին գովազդի տեղաբաշխման միջոցները, կանգնակները, հովանոցները, ծածկոցները և այլն).
7) իրավասու է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) համայնքի հայտնաբերած դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական և այլ թափոնները տեղափոխելու դրա կամ դրանց համար նախատեսված հատուկ տարածք.
8) իրականացնում է համայնքային սեփականությունը համարվող գույքի պահպանությունը.
9) իր իրավասության շրջանակում ապահովում է փողոցներում կամ այլ ընդհանուր օգտագործման տարածքներում երթևեկությունը սահմանափակելու կամ արգելելու որոշումների կատարումը.
10) իրավասու է գրանցելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց՝ նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունն արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման, լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաև այլ տեխնիկական միջոցներ։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քաղաքապետի լիազորություններն իրականացվում են աշխատակազմի ստորաբաժանումների, այդ թվում՝ Երևանի հասարակական կարգի պահպանության մունիցիպալ ծառայության միջոցով:
3. Քաղաքապետարանը քաղաքապետին վերապահված լիազորությունների շրջանակում և դրանց իրականացումն ապահովելու համար «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված կարգով անվճար հասանելիություն է ստանում հանրային տեղեկություններին:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված առգրավումն անհրաժեշտության դեպքում կատարվում է տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ այնպես, որ առգրավվող առարկային պատճառվի նվազագույն վնաս, իսկ առգրավման ամբողջ գործընթացը տեսանկարահանվում է, և կազմվում է առգրավման վերաբերյալ արձանագրություն: Առգրավված գույքի վերադարձման կարգը սահմանում է ավագանին: